Վլադիմիր Պուտինը ժամանել է «Կովկաս - 2012» զորավարժությունների անցկացման վայր և ասել, որ ՌԴ-ն պետք է «իր վառոդը չոր պահի»

23:54 • 17.09.12

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Կրասնոդարի երկրամասի «Ռաևսկի» հրաձգարան, որտեղ սկսվել են «Կովկաս - 2012» հրամանատարա-շտաբային ռազմավարական զորավարժությունները, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:


Ռուսաստանը պետք է «իր վառոդը չոր պահի», հաշվի առնելով ժամանակակից միջազգային հարաբերություններում ուժի կիրառման պրակտիկան, հայտարարել է ՌԴ նախագահը «Կովկաս - 2012» զորավարժությունների ընթացքում հանդես գալով զինծառայողների առջև::


«Դուք լավ պատրաստված եք, կրթված մարդիկ եք, տեսնում եք, թե ինչ է կատարվում աշխարհում, տեսնում եք, թե ինչպես է, ցավոք սրտի, աճում ուժի կարառումը միջազգային գործերում: Այդ ամենը խոսում է նրա մասին, որ մենք պետք է մեր վառոդը չոր պահենք, պետք է բարձրացնենք Ռուսաստանի պաշտպանունակությունը», - հայտարարել է Պուտինը:


Ռուսաստանի կողմից իրականացվող զանգվածային զորավարժություններին մասնակցում են մոտ 8 հազար մարդ, ավելի քան 200 մարտական մեքենա, մոտ 100 հրետանային կայան, ինչպես նաև 10 զառմանավ:
Վարժանքների ընթացքին հետևում են Պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը, ինչպես նաև Կարսնոդարի երկրամասի ղեկավարությունը և Հարավային զինվորական շրջանի զորքերի հրամանատարությունը:



Ռուսաստանում անցկացվող զորավարժությունների կապակցությամբ իրենց մտահոգությունն են հայտնել Վրաստանը և ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրներ:
Մասնավորապես, Վրաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ «Կովկաս- 2012»-ը սպառնում է ոչ միայն Վրաստանի, այլև ողջ տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանը»: Նման հայտարարություն է արվել Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեի կողմից Թբիլիսի ժամանած Բուլղարիայի, Լատվիայի, Լիտվայի, Ռումինիայի և Չեխիայի ԱԳՆ ղեկավարների հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:
Մոսկվայում այդ մեղադրանքները անհիմն են անվանել: