Ադրբեջանի Կարմիր խաչն այցելել է հայ ընտանիքին. հայկական կողմը որևէ տեղեկություն չունի
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գտնվող հայ քաղաքացիական ընտանիքին, հայտնում է 1news.az-ը՝ հղում կատարելով կառույցի մամուլի քարտուղար Շահլա Ղահրամանովայի հայտարարությանը:
Կարմիր խաչի ներկայացուցիչները ծանոթացել են հայ ընտանիքի կեցության պայմաններին և առողջական վիճակին:
Ըստ Vesti.az-ի՝ խոսքը Գևորգյանների 5 հոգանոց ընտանիքի մասին է: Ընտանիքի հայրը՝ 54-ամյա Եղիշե Գևորգյանը՝ կնոջ և այժմ 9, 8 և 5-ամյա երեխաների հետ 2010-ին մեքենայով հատել էր հայ-ադրբեջանական սահմանը:
ՀՀ Պաշտպանության նախարարության Գերիների և անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովին առընթեր աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը Tert.am-ին ասաց, որ սովորաբար նման այցերից առաջ իրենց տեղյակ է պահվում: Սակայն այս անգամ, ըստ նրա, այցի մասին ոչ մի պաշտոնական տեղեկություն իրենք չունեն:










