«Սանբա» թայֆունը կընդգրկի ՌԴ մի շարք շրջաններ

15:14 • 17.09.12

«Սանբա» թայֆունի հետևանքով սեպտեմբերի 18-20-ը ՌԴ Պրիմորյեում, Խաբարովսկի երկրամասում և Հրեական ինքնավար մարզում կտեղան հորդառատ անձրևներ և փոթորիկներ: Այս մասին հրատապ հաղորդագրությունը տարածել է ԱԻՆ-ի Հեռավորարևելյան տարածաշրջանային կենտրոնը:

 

«ԻՏԱՌ ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ՝ տարերքի տակ կհայտնվի գրեթե ողջ Խաբարովսկի երկրամասը: Օխոտի ծովափին սպասվում է 30մ/վ քամու ուժգնություն:

 

Զգուշացումներ են ուղարկվել մարզային վարչություններին, քաղաքապետարաններին, համապատասխան մարմիններին: ԱԻՆ ուժերը և միջոցները բերվել են բարձր պատրաստվածության:


Մոնիթորինգային կենտրոնի մասնագետների և ՀԱՏԿ (Հեռավորարևելյան տարածաշրջանային կենտրոն) կանխատեսումների համաձայն՝ ցիկլոնային գոտիներում հնարավոր է ծագեն արտակարգ իրավիճակներ: Հեղեղներն ու քամիները կարող են էլեկտրահաղորդակցման լարերի և կապուղիների վնասման, բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների աշխատանքի խափանման պատճառ դառնալ, կարող են խախտվել նաև Խաբարովսկի և Պրիմորսկի երկրամասերի օդակայանների աշխատանքը: