Մեծ Բրիտանիայում շփոթմունքի պատճառով 1.5 տարեկան երեխան հրավիրվել է պաշտոնական հանդիպման
Մեծ Բրիտանիայի Նորթհեմփթոն քաղաքի 1.5 տարեկան բնակիչ Օքլի Բարեթն անսպասելի հրավիրատոմս է ստացել քաղաքային խորհրդից ` ներկա գտնվելու անչափ կարևոր մի հանդիպման, գրում է Metro co. uk.-ը:
Հրավիրատոմսում Օքլիին խնդրում են անպայման ներկա գտնվել հանդիպմանը, քանի որ փորձագետներին բավական հետաքրքիր կլինի լսել նրա կարծիքն ու առաջարկները բնակարանների բաշխման և վարձակալության ռազմավարության վերաբերյալ:
Սակայն փոքրիկի ծնողները, հաշվի առնելով այն հանգամանքը, որ երեխան, բացի «մամայից», ուրիշ բան չի կարողանում ասել, որոշել են, այնուամենայնիվ, չուղարկել նրան նման կարևոր հանդիպման:
Որոշ ժամանակ քաղաքային խորհուրդը ևս մի նամակ է ուղարկել նույն հասցեով` այս անգամ ոչ թե հանդիպման հրավիրելով, այլ շփոթմունքի համար ներողություն խնդրելով: Սակայն թե իրականում ում էր ուղղված հրավիրատոմսը, չի հաղորդվում:










