Մահացել է Օրբելի փողոցում վթարի ենթարկվածներից մեկը՝ 17-ամյա Նորայր Խաչատրյանը
«Էրեբունի» բժշկական կենտրոնում այսօր առավոտյան մահացել է սեպտեմբերի 9-ին Օրբելի փողոցում վթարի ենթարկված 5 ուղևորներից մեկը՝ 17-ամյա Նորայր Խաչատրյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել գանգուղեղային վնասվածքներով, «դիֆուզաքսոնալ» ախտորոշմամբ և ողջ ժամանակ գտնվում էր կոմայի մեջ՝ միացված արհեստական շնչառության ապարատին:
Այս մասին Tert.am-ին հայտնեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը:
«Հիվանդանոցում գտնվելու ողջ ընթացքում Նորայրի վիճակը բնութագրվում էր «ծայրահեղ ծանր», և բժիշկները նպատակահարմար չհամարեցին նրան վիրահատության ենթարկել»,-ասաց Շուշան Հունանյանը:
Ինչպես հաղորդել էինք, հինգ ծանր վիրավորներից երկուսը՝ 1 8-ամյա Գայանե Մարկոսյանը և Վիկտորյա Ալոյանը մահացել էին նույն օրը. մեկը մահացել էր հիվանդանոցում, մյուսը՝ հիվանդանոցի ճանապարհին:










