ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ՄԹ Եվրոպայի հարցերով նախարարին

16:48 • 18.09.12

Այսօր, սեպտեմբերի 18-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Դեյվիդ Լիդինգտոնին:


Ողջունելով հյուրին նախարար Նալբանդյանն ասել է. «Այս տարի մենք նշում ենք Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների քսանամյակը և կարող ենք փաստել, որ կողմերի միջև համագործակցությունը կայուն հիմքերի վրա է»:


Նախարար Լիդինգտոնն իր հերթին շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ընդգծել է, որ Միացյալ Թագավորությունը Հայաստանը դիտարկում է որպես երկարաժամկետ և արժեքավոր գործընկեր ու իր այցելության նպատակը և ուղերձը Հայաստանի հետ համագործակցությանը նոր լիցք հաղորդելն է:


Բանակցությունների ընթացքում նախարարները քննարկել են քաղաքական, առևտրատնտեսական, գիտակրթական, մշակութային և այլ ոլորտներում համագործակցության խորացման ուղիները։ ԷդվարդՆալբանդյանը նշել է, որ նախարար Լիդինգտոնի պատվիրակության կազմում ներգրավված են նաև գործարարներ, ինչը հնարավորություն կընձեռի նոր լիցք հաղորդել տնտեսական փոխգործակցությանը:


Այս ենթատեքստում նախարար Լիդինգտոնը տեղեկացրեց, որ մոտ ապագայում ծրագրվում է բրիտանացի գործարարների խոշոր պատվիրակության այցելություն կազմակերպել Հայաստան:


Զրուցակիցները կարևորել են Միացյալ Թագավորության կողմից Հայաստանի զարգացմանը, ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումների աջակցմանն ուղղված ծրագրերի իրականացումը, Բրիտանական խորհրդի կրթամշակութային գործունեությունը:


Քննարկման գլխավոր թեմաներից էր Հայաստան-Եվրամիության համագործակցությունը և այդ շրջանակներում իրականացվող ծրագրերը և ընթացող բանակցությունները, այդ ուղղությամբ Հայաստանի արձանագրած առաջընթացը:


Զրույցի ընթացքում նախարարներ Նալբանդյանն և Լիդինգտոնը անդրադարձել են մի շարք տարածաշրջանային և միջազգային խնդիրների, մասնավորապես՝ մերձավորարևելյան զարգացումներին և Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակին։


Հայաստանի արտգործնախարարը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի առկա իրավիճակը: Անդրադարձ է կատարվել հունգարաադրբեջանական գործարքի արդյունքում մարդասպան Սաֆարովի ազատ արձակման պատճառով տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանը հասցված հարվածին: Այս ենթատեքստում նախարար Լիդինգտոնը նշել է, որ սատարում է հակամարտության կարգավորման ուղղությամբ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերին: ՄԹ Եվրոպայի հարցերով նախարարը նշել է, որ Սաֆարովի ազատ արձակման առնչությամբ իր երկիրը լիովին կիսում է Եվրոպական Միության, Եվրոպայի Խորհրդի և ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունների դրույթները: