Մաղրիբի երկրների «Ալ-Կաիդա»-ն կոչ է արել սպանել ամերիկացի դիվանագետներին
Մաղրիբի երկրներում (Եգիպտոսից արևմուտք երկրների անվանումը) գործող «Ալ-Կաիդա» ահաբեկչական խմբավորման մասնաճյուղը կոչ է արել մուսուլմաններին սպանել կամ արտաքսել ամերիկացի դիվանագետներին՝ վրեժխնդիր լինելով հակաիսլամական «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի համար, հայտնում է lenta.ru-ն՝ մեջբերելով CNN-ի հաղորդագրությունը:
Ալժիրում տեղակայված ահաբեկչական խմբավորման անդամները հրապարակել են մի հայտարարություն, որտեղ հայտնում են Հյուսիսային Աֆրիկայի երկրներում (Ալժիր, Թունիս, Մարոկկո և Մավրիտանիա) պատրաստվող ահաբեկչական գործողությունների մասին: Բացի այդ, նրանք սեպտեմբերի 11-ին Լիբիայում զոհված ԱՄՆ դեսպանի մահը համարել են «լավագույն նվերն ԱՄՆ-ի լկտի և անիրավ վարչակարգին»:
Ավելի վաղ, սեպտեմբերի 15-ին ամերիկյան ներկայացուցչությունները գրոհելու կոչով է հանդես եկել «Ալ-Կաիդա»-ի առավել ազդեցիկ մասնաճյուղը՝ Արաբական թերակղզում:










