Կարեն Ավանեսյանի՝ Բեթհովենի Լուսնի սոնատի դուդուկով կատարումը ցնցել է հանդիսատեսին (տեսանյութ)

10:47 • 18.09.12

Ռուսաստանի Դաշնության Բլագովեշենսկ քաղաքում «Ամուրի աշուն» փառատոնի շրջանակում նախօրեին տեղի ունեցել Ռուսաստանի վաստակավոր արտիստ, հումորիստ Կարեն Ավանեսյանի ստեղծագործական երեկոն, հայտնում է portamur.ru-ն:

 

«Ծուռ հայելու» (ռուսական հումորային հաղորդում) գլխավոր գործող անձանցից մեկի երեկոյին հիմնականում ներկա են գտնվել հայկական համայնքի ներկայացուցիչները: Ներկա է եղել նաև Ամուրի մարզի նահանգապեստի կինը՝ Իրինա Կոժեմյակոն, և Ռուսաստանի հայերի միության մարզային բաժնի ղեկավար Արթուր Ղազարյանը:

 

Հումորիստը երեկոյի ընթացքում ներկայացրել է բացարձակ նոր հեռուսստատեսային համարներ:

 

«Դա ճիշտ չէ, երբ արտիստները քաղաքներում ներկայացնում են համարներ, որոնք արդեն ցուցադրվել են հեռուստատեսությամբ: Այդ իսկ պատճառով բոլորովին նոր համարներ եմ որոշել ներկայացնել: Եթե կծիծաղեք, ապա կներառեմ «Ծուռ հայելու» մեջ»,- ասել է նա:

 

Նրա բոլոր հումորները հնչել են կովկասյան բնորոշ ակցենտով: «Ինձ հաճախ հարցնում են՝ ինչո՞ւ է իմ ծրագրում «կովկասյան» հումոր: Սակայն ծիծաղելի կլիներ, եթե ես իմ այս արտաքինով,օրինակ, էստոնական հումոր անեի»,- ասել է նա:

 

Նա արել է Վախթանգ Կիկաբիձեի, Վասիլի Լիվանովի, Արմեն Ջիգարխանյանի և Ռոման Կարցևի ծաղրանմանակումները: Ինչպես հայտնում է portamur.ru-ն, արտիստի տաղանդի շնորհիվ «կենդանացել» են բոլորի կողմից սիրված դերասաններ Մհեր Մկրտչյանը, Յուրի Նիկուլինը, նաև Վլադիմիր Վիսոցկին:

 

Սակայն հանդիսատեսին ցնցել է Բեթհովենի Լուսնի սոնատի դուդուկով կատարումը:

 

Տեսանյութում ներկայացված է հատված  «Ծուռ հայելի» հաղորդումից