ԱՄՆ-ին սահմանակից մեքսիկական բանտից 130 կալանավոր է փախել
Միացյալ Նահանգներին սահմանակից մեքսիկական Պյեդրաս Նեգրաս քաղաքի բանտից երեկ երեկոյան ավելի քան 130 կալանավոր է փախուստի դիմել, հայտնում է vz.ru-ն:
Մեքսիկայի Կոաուիլա նահանգի իշխանությունները պարզում են փախուստի դիմած կալանավորների հստակ թիվը: Բանտում պատիժ է կրում ընդհանուր առմամբ ավելի քան 730 կալանավոր: Որոշ տվյալներով՝ կալանավորները կարող էին ազատության մեջ հայտնվել ստորգետնյա թունելի միջոցով:
Փախուստի ժամանակ տուժածների կամ զոհերի մասին չի հաղորդվում: Նրանց հայտնաբերելու համար մեքսիկական իշխանություններն օգնություն են խնդրել հարևան ԱՄՆ-ից:
Մեքսիկայի բանտերից զանգվածային փախուստները հազվադեպ երևույթ չեն: Վերջին ամենախոշոր փախուստը տեղի է ունեցել Նուևո Լարեդո քաղաքում, 2010թ.-ին: Այդ ժամանակ բանտից փախել էր 151 կալանավոր:










