Ռուսաստանը կզրոյացնի Հյուսիսային Կորեայի պարտքը՝ ներդրումների դիմաց

12:00 • 18.09.12

Հյուսիսային Կորեան և Ռուսաստանը համաձայնագիր են ստորագրել 11 մլրդ ԱՄՆ դոլար պարտքի կարգավորման վերաբերյալ, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով հյուսիսկորեական լրատվամիջոցներին:

 

«Մոսկվայում ստորագրվել է Խորհրդային միությանը ԿԺԴՀ-ի ընդհանուր՝ մոտ 11 մլրդ դոլար պարտքի կարգավորման վերաբերյալ համաձայնագիր»,- մասնավորապես հայտնում է աղբյուրը: Գործարքի այլ մանրամասներ չեն հաղորդվում:

 

Ենթադրվում է, որ Ռուսաստանը դուրս է գրել Հյուսիսային Կորեայի պարտքի մեծ մասը (մոտ 90 %): Պարտքի մնացած մասը կարող է օգտագործվել «պարտք օգնության դիմաց» սխեմայով, այսինքն՝ ՌԴ-նն կարող է Կորեայում կրթության, առողջապահության ու էներգետիկայի ոլորտում ներդրումներ կատարելու իրավունք ստանալ:

 

Եվ սա միակ փոփոխությունը չէ, որ սպասվում է այդ երկրի տնտեսության մեջ:

 

Հյուսիսային Կորեայի ղեկավարությանը մոտ կանգնած իր աղբյուրին հղում կատարելով՝ Reuters-ը գրում է. «Մինչ այժմ կառավարությունը խոսքի իրավունք չի ունեցել տնտեսական հարցերում: Երկրի տնտեսությունն ամբողջովին վերահսկում էին զինվորականները, սակայն այժմ դրությունը կփոխվի»: