Օգտատեր Արթուր Ղազարյանը պատերազմ է հայտարարում ԲՀԿ-ական «ֆեյքերին»

16:20 • 18.09.12

Ֆեյսբուքյան օգտատեր Արթուր Ղազարյանն իր անձնական էջում առաջարկել է բողոքարկել որոշ կեղծ էջերի դեմ, որոնց հետևում, նրա համոզմամբ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ անվայել պահվածքով ներկայացուցիչներ են:

 

«Այն, որ 5000 ԲՀԿ-ական վարձու ֆեյքերը վխտում են Ֆեյսբուքում, անհերքելի փաստ է: Կազմակերպված խմբային քվեարկություններ, հարձակումներ այլոց «ստատուսների» վրա: Հիմա էլ անցել են արդարացի և շիտակ մարդկանց անձնապես վարկաբեկմանը»,- գրառել է օգտատերը, և չգիտես ինչու առաջարկել, որ նման գործունեության փոխարեն «իրեն ընդդիմություն կասկածող ուժը» (նկատի ունի ԲՀԿ–ն) գույքագրի իր՝ «այսօր առկա լրագրողների թիվը»:

 

Մասնավորապես, Արթուր Ղազարյանին զայրացրել է «Սև ու սպիտակ» կոչվող մի պրոֆիլ, որի տակ գրառել է.«կեղծ քաղաքական պրոֆիլ»:

 

Գրության վերջում գրելով, որ ուրախ է ԲՀԿ-ի հետ թեկուզ հեռավոր, անգամ՝« ֆեյսբուքում» կապ չունենալու համար, օգտատերը անդրադառնում է արդեն Հայաստանի առաջ ծառացած արտաքին քաղաքական մարտահրավերներին:

 

«Մի ուժ, որը 5-րդ էշելոնի պես վաճառքի է հանել անկախությունը «եվրասիական» կեղծ միության առջև: Ամոթ»:

 

Նրա այս գրությանը հավանած տված օգտատերերի թվում է նաև քաղաքագետ Հրանտ Մելիք- Շահնազարյանը:

 

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանը, անկեղծորեն զարմանալով այս տեղեկատվության վրա, նշեց. «ԲՀԿ հասարակայնության հետ կապերի վարչությունը «Ֆեյսբուքում» կամ այլ սոցիալական ցանցերում որևէ արհեստական ակտիվություն չի ծավալում»: