«Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմում նկարահանված վրացի դերասանուհին մեղադրել է ռեժիսորին խաբեության մեջ
Ծագումով վրացի դերասանուհի Աննա Գուրջին (Գիորգոբիանի), ով նկարահանվել է իսլամական աշխարհում մեծ աղմուկ հանած «Մուսուլմանների անմեղությունը» ամերիկյան ֆիլմում, բրիտանական Daily Mail պարբերականին հարցազրուց է տվել ` պնդելով, որ ֆիլմի ռեժիսորն իրեն խաբել է, գրում է newsgeorgia.ru-ն:
Դերասանուհին նշել է, որ նույնիսկ պատկերացում չի ունեցել այն մասին, որ նկարահանվում է «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմում:
«Ինձ պարզապես ասել էին, որ ես պետք է խաղամ ֆիլմի գլխավոր հերոս Ջորջ անունով երիտասարդի հարսնացուի` Հիլարիի դերը, սակայն ես չգիտեի, որ Ջորջը վերածվելու է Մուհամադի: Իսկ ֆիլմը պատմում էր այն մասին, որ Մերձավոր Արևելքում երկնաքար է ընկել, և այնտեղ ապրող ցեղերը կարծում են, որ այն սուրբ քար է և պայքարում են դրան տիրանալու համար: Բացի այդ, ինձ ասել էին, որ ֆիլմում օգտագործվելու են բազմաթիվ հատուկ էֆեկտներ, ուստի իմ և Ջորջի մասնակցությամբ դրվագները հիմնականում արվել են կանաչ ֆոնի վրա: Սակայն ես չէի էլ կարող պատկերացնել, թե այդ ամենն ինչպես է խեղաթյուրվելու հետագայում»,- պատմել է վրացուհին:
Նա նաև նշել է, որ ֆիլմը շատ փոքր բյուջե է ունեցել, և ինքն օրական 75 դոլար վարձատրություն է ստացել:
Սիրողական մակարդակով նկարահանված այս ֆիլմն առաջացրել է ողջ իսլամական աշխարհի բուռն ցասումը, ինչի հետևանքով արաբական բազմաթիվ երկրներում բողոքի լայնածավալ ակցիաներ են անցկացվել. դրանցից մեկի ժամանակ սպանվել է Լիբիայում ԱՄՆ-ի դեսպանը:










