Երևանում կայացած ՀԱՊԿ խորհրդակցության նիստում հնչել է կոչ՝ ուղղված պատերազմի սպառնալիքի կանխմանը
Սեպտեմբերի 18-ին ՀՀ Ազգային ժողովում աշխատանքն սկսեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդին կից ՀԱՊԿ-ի անդամ պետությունների խորհրդարանների պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովների նախագահների Համակարգող խորհրդակցության առաջին արտագնա նիստը:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ Ազգային ժողովի լրատվական ծառայությունից:
Նիստին մասնակցել են Համակարգող խորհրդակցության անդամները, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ՀԱՊԿ-ի քարտուղարության պատասխանատու աշխատակիցներ, ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ պաշտպանության նախարարության, ԱՊՀ ՄԽՎ-ի, ՀԱՊԿ ԽՎ-ի ներկայացուցիչներ:
Նիստում նախագահել է ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի անդամ, ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդին կից անդամ պետությունների խորհրդարանների պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովների նախագահների Համակարգող խորհրդակցության ղեկավար, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:
Նա շնորհակալություն է հայտնեց Նիկոլայ Բորդյուժային սկզբունքային գնահատականների համար, որով նա հանդես էր եկել ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ հայ սպային կացնահարած ադրբեջանցի մարդասպանին Ադրբեջանի իշխանությունների կողմից ներում շնորհելու փաստի առնչությամբ և մասնակիցների ուշադրությունը հրավիրել Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հայտարարությունների վրա, ինչը տարածաշրջանի ապակայունացման նպատակ է հետապնդում: Նա կոչ արեց Համագործակցության խորհրդակցության անդամներին կոնկրետ միջոցներ ձեռք առնել պատերազմի սպառնալիքը կանխելու համար:
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը ողջունել է նիստի մասնակիցներին և նրանց մաղթեց արդյունավետ աշխատանք, որից հետո կարդացել է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի` Համակարգող խորհրդակցության նիստի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքը, որում Հովիկ Աբրահամյանը, մասնավորապես ասել է.«Մենք ուրախ ենք, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդին կից ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովների նախագահների Համակարգող խորհրդակցության արտագնա նիստը տեղի է ունենում Երևանում:
Անվտանգության համաշխարհային ճարտարապետության մեջ ՀԱՊԿ-ը կարևոր գործոն է տարածաշրջանային եւ միջազգային մակարդակով խաղաղության ու կայունության պահպանման գործում: Հայաստանը, իբրև հուսալի գործընկերներից ու դաշնակիցներից մեկը ՀԱՊԿ-ում, ցուցաբերում է ամենաակտիվ մասնակցությունը նրա գործունեությանը:
Այժմ, երբ տարածաշրջանում ստեղծվել է խիստ բարդ իրավիճակ, որը հղի է ռազմական հակամարտությամբ, ՀԱՊԿ-ի դերը էլ ավելի է աճում: Հասկանալի է, որ ստեղծված պայմաններում ՀԱՊԿ անդամ պետությունների ազգային շահերի պաշտպանության համար առաջնահերթ խնդիր է կոլեկտիվ ուժերի համակարգի կատարելագործումը, որը կփորձարկվի այժմ Հայաստանում անցկացվող արագ արձագանքման հավաքական ուժերի «Համագործակցություն-2012» համատեղ զորավարժությունների ժամանակ:
ՀԱՊԿ-ի ներուժի անշեղ աճի պարագայում առանձնապես մեծանում է խորհրդարանական բաղադրիչի նշանակությունը, որի շնորհիվ իրականացվում է Կազմակերպության գործունեության բոլոր ուղղությունների իրավա-նորմատիվ ապահովումը: Համակարգող խորհրդակցության ստեղծումը կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդին կից` ՀԱՊԿ անդամ պետությունների միջխորհրդարանական փոխգործակցության կարեւորության ու արդյունավետության ակնառու վկայությունն է: Ես համոզված եմ, որ Համակարգող խորհրդակցության հիմնադրումը` որպես լրացուցիչ խորհրդարանական մեխանիզմի, դրականորեն կազդի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործունեության վրա:
Ես ցանկանում եմ կրկին ողջունել ձեզ Երեւանում եւ համոզմունք հայտնել, որ ինչպես արագ արձագանքման հավաքական ուժերի զորավարժությունները, այնպես էլ Համակարգող խորհրդակցության այսօրվա նիստը կծառայեն անվտանգության եւ կայունության ամրապնդմանը տարածաշրջանում»:
Համակարգող խորհրդակցության նիստի նախագահ Կորյուն Նահապետյանի առաջարկով քննարկվել և հաստատվել է նիստի օրակարգը»:
Ելույթ է ունեցել ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան՝ «ՀԱՊԿ-ի անդամ պետությունների ռազմական համագործակցության` համընդհանուր և տարածաշրջանային անվտանգության ապահովման ներկա իրավիճակն ու հեռանկարները» հարցի շուրջ:
Նա անդրադարձել է աշխարհում և ՀԱՊԿ-ի անդամ երկրների սահմանակից տարածքներում ձևավորված աշխարհաքաղաքական իրավիճակին, անդամ երկրների համագործակցության ամրապնդման անհրաժեշտությանն ինչպես կոլեկտիվ, այնպես էլ ազգային անվտանգության տեսանկյունից: ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը կարևորել է անցած 20 տարիներին կազմակերպության ամրապնդման, պաշտպանական, ռազմատեխնիկական ենթակառուցվածքների ստեղծման, նորմատիվ-իրավական հիմքի կատարելագործման ուղղությամբ կատարած աշխատանքները, անդրադարձել կազմակերպության անելիքներին:
Մասնավորապես, նա անհրաժեշտ է համարել անդամ երկրների ռազմական ուժերի փոխգործակցության արդյունավետության բարձրացումն ու լրացուցիչ հատուկ ուժերի ներգրավումը, բանակային ուժերի արագ ձևավորումը, խաղաղապահ ուժերի, տարածաշրջաններում հակաօդային պաշտպանության, ռազմատեխնիկական, ռազմատնտեսական համագործակցության կատարելագործումն ու կադրերի վերապատրաստումը:
Ելույթից հետո ծավալվել են ակտիվ քննարկումներ:
ՀԱՊԿ-ի քարտուղարության տեղեկատվական ծրագրի ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Վինիդիկտովը ներկայացրել է Կազմակերպության շրջանակներում միջազգային պայմանագրերի վավերացման գործընթացին` տեղեկացնելով, որ Հայաստանը այս ոլորտում ևս ակտիվ է ու առաջանցիկ: Նա կոչ է արել ՀԱՊԿ-ի անդամ երկրների խորհրդարանականներին ակտիվ աշխատանք ծավալել համապատասխան միջազգային պայմանագրերը վավերացնելու ուղղությամբ:
ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի` զինված ուժերի համակարգման, պլանավորման, կիրառման ու վերապատրաստման կառույցի ղեկավար Անատոլի Յակովլևը անդրադարձել է Հայաստանի տարածքում անցկացվող ՀԱՊԿ-ի արագ արձագանքման հավաքական ուժերի «Համագործակցություն-2012» համատեղ զորավարժությունների առանձնահատկություններին, նպատակներին ու խնդիրներին: Նրա գնահատմամբ` արագ արձագանքման հավաքական ուժերի զորավարժությունները կոլեկտիվ ուժերի համակարգի կատարելագործման նպատակ ունեն եւ ծառայում են տարածաշրջանում անվտանգության ու կայունության ամրապնդմանը:
Կորյուն Նահապետյանի ելույթը վերաբերվել է ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի աշխատանքներին և պաշտպանության ու անվտանգության ոլորտի ազգային օրենսդրության ներդաշնակեցմանը:
Բանախոսն անդրադարձել է անդրկովկասյան տարածաշրջանի անվտանգության խնդիրներին, Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությանն ու առկա խնդիրները խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծելու Հայաստանի պատրաստակամությանը:
Ըստ Կորյուն Նահապետյանի` ստեղծված իրավիճակը ստիպում է ՀԱՊԿ-ի անդամ երկրներին մշտապես պատրաստ լինել` համատեղ ուժերով պաշտպանելու անդամ երկրների անվտանգությունը: Այդ համատեքստում ԱԺ պատգամավորը կարևորել է ՀԱՊԿ-ի արագ արձագանքման հավաքական ուժերի «Համագործակցություն-2012» համատեղ զորավարժություններն ու Համակարգող խորհրդակցության արտագնա նիստը: Նրա գնահատմամբ` Հայաստանը, որպես ՀԱՊԿ անդամ երկիր, իր ռազմական ու ռազմավարական խնդիրները լուծում է այդ կազմակերպության շրջանակներում, քանզի Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին երկրի անվտանգության հիմնական բաղադրիչներից է: Անվտանգության համակարգի ապահովման գործում իր արդյունավետ վերահսկողական գործառույթով կարեւոր դեր է խաղում նաեւ ՀՀ Ազգային ժողովը: Ընդունելով համապատասխան օրենքներ` ԱԺ-ն ապահովում է վերոնշյալ ոլորտների բնականոն գործունեությունը:
Կորյուն Նահապետյանն անդրադարձել է նաև ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի գործունեության ոլորտներին, օրենսդրական աշխատանքին, վերահսկողական ֆունկցիաներին, հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությանը: Նա կարևորել է ԱՊՀ ՄԽՎ-ի եւ ՀԱՊԿ ԽՎ-ի հետ համագործակցությունը մոդելային օրենքների մշակման, օրենսդրության ներդաշնակեցման, ՀԱՊԿ-ի փաստաթղթերի վավերացման գործում: Նշվել է, որ Հայաստանը վավերացրել ՀԱՊԿ-ի շրջանակներում ստորագրված 43 միջազգային պայմանագրերից 42-ը: Հատկանշական է նաև, որ վերջերս Ազգային ժողովի լիագումար նիստում քննարկվում էր «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների տարածքներում ռազմական ենթակառուցվածքի օբյեկտներ տեղակայելու մասին» արձանագրությունը:
Կորյուն Նահապետյանի կարծիքով` թեև շատ աշխատանքներ են կատարվել, բայց հաշվի առնելով արդի մարտահրավերներն ու վտանգները, անհրաժեշտ է շատ ավելին անել: Նա համոզմունք հայտնեց, որ նիստին ներկա բոլոր խորհրդարանականներն էլ գիտակցում են խաղաղության ու կայունության ապահովման գործում իրենց ժողովրդի առջեւ ստանձնած պատասխանատվության չափը, ուստի իրենց վերապահված է պատվով կատարել այդ առաքելությունը:
Նիստի վերջում Համակարգման խորհրդակցության ղեկավար Կորյուն Նահապետյանը մասնակիցներին խնդրել է հաջորդ նիստի տեղին ու ժամանակին վերաբերող իրենց առաջարկները ներկայացնել ՀԱՊԿ-ի քարտուղարություն:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդին կից ՀԱՊԿ-ի անդամ պետությունների խորհրդարանների պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովների նախագահների Համակարգող խորհրդակցության առաջին արտագնա նիստն ավարտել է իր աշխատանքը:










