Կանադայի շահերը Իրանում կներկայացնի Իտալիան

03:16 • 18.09.12

Կանադայի շահերը Իրանում կներկայացնի Իտալիան, այս մասին հայտարարել է այսօր Կանադայի արտգործնախարար Ջոն Բերդը, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

 

«Իտալիայի կառավարությունը համաձայնվել է անհրաժեշտության դեպքում աջակցություն ցուցաբերել Kանադայի քաղաքացիներին, որոնք կարող են հյուպատոսական ծառայությունների կարիք զգալ», - հայտարարել է կանադական ԱԳՆ-ի ղեկավարը:


Հիշեցնենք, որ սեպտեմբերի 7-ին Կանադայի արտգործնախարար Ջոն Բերդին հայտարարել էր Իրանի դիվանագիտական ներկայացուցչությունների փակման մասին և պահանջել էր, որ իրանցի դիվանագետները լքեն երկրի տարածքը 5 օրվա ընթացքում:
 

«Իրանի կառավարությունն ամենալուրջ վտանգն է ժամանակակից աշխարհի անվտանգությանն ու խաղաղությանը»,- ասվում էր Կանադայի արտգործնախարարի հայտարարության մեջ:

Բերդը Իրանին մեղադրել էր Սիրիային զենք և զինամթերք մատակարարելու, ինչպես նաև միջուկային ծրագիր մշակելու մեջ:

Իր հերթին Իրանի իշխանությունները Կանադայի գործողություններն անվանել էին «հապճեպ և էքստրեմալ», և խոստացել որ դրանց կհետևեն իրանական կողմի պատասխան քայլերը:

ԱՄՆ-ն, Իսրայելն ու մի շարք եվրոպական երկրներ Իրանին կասկածում են միջուկային զենք ստեղծելու մեջ: Սակայն Թեհրանը հերքում է մեղադրանքները՝ հայտարարելով, որ իր միջուկային ծրագիրը կրում է խաղաղ բնույթ: