Դժգոհել են հանցագործին ներում շնորհելու Ադրբեջանի քայլից. Եկեղեցիների Եվրոպական Կոնֆերանսի ԿԿ
Հունաստանի Կրետե կղզում սեպտեմբեր 13-ից 14-ը գումարվել է Եկեղեցիների Եվրոպական Կոնֆերանսի Կենտրոնական կոմիտեի տարեկան ժողովը:
Ինչպես տեղեկացնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո դիվանից, ժողովի ընթացքում ի շարս այլ հարցերի քննարկվել է նաև Հունգարիայի կողմից Ադրբեջանի զինված ուժերի սպա, մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման և Ադրբեջանում նրա ազատ արձակման հարցը:
ԵԵԿ Կենտրոնական կոմիտեի անդամները ցավ են արտահայտել Ադրբեջանի նախագահի կողմից հանցագործին շնորհված անհարդուրժելի ներման կապակցությամբ` իրենց համերաշխությունն ու զորակցությունը հայտնելով հայ ժողովրդին և Հայաստանյայց Առաքելական Եկեղեցուն` աղոթելով, որ արդարությունը հաստատվի և ազգերի միջև թագավորեն խաղաղությունն ու փոխըմբռնումը:
Այս առնչությամբ Կենտրոնական կոմիտեն պաշտոնական գրություն է ուղղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին:
Ցավալի իրողության առիթով հայ ժողովրդին իր զորակցությունն է հայտնել նաև Հնդիկ Մալանկարա Եկեղեցու պետ Նորին Սրբություն Բասիլիոս Մարթովմա Պողոս Երկրորդը:










