Այսօր կկայանա ՄԱԿ-ի ԳԱ 67- րդ նստաշրջանի բացումը. կքննարկվի Սաֆարովի արտահանձման հարցը

11:49 • 18.09.12

Այսօր՝ երեքշաբթի օրը, Նյու Յորքում` Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայանու, կբացվի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 67- րդ նստաշրջանը։ Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը՝ նշելով, որ ավանդույթի համաձայն, առաջինը ելույթ կունենա Գլխավոր ասամբլեայի նախագահը՝ այս տարվա հունիսի 23-ին այդ պաշտոնում ընտրված Սերբիայի նախկին արտգործնախարար Վուկ Երեմիչը:

 

Ելույթին կհաջորդի աղոթքն առ Աստված, ապա 67-րդ նստաշրջանի մասնակիցների կողմից հավատարմագրերի հանձնում:

 

Գլխավոր ասամբլեայի 67-րդ նստաշրջանի օրակարգն արդեն հաստատված է։ Բացման օրը բանախոսների թվում են Ամերիկայի Միացյալ Նահանգների և Վրաստանի ներկայացուցիչները։

 

Ասամբլեայի բացումից մեկ շաբաթ անց` սեպտեմբերի 25-ին, կմեկնարկի Ընդհանուր բանավեճը, որի ընթացքում ելույթ են ունենում պետությունների, կառավարությունների ղեկավարները կամ արտգործնախարարները։

 

«Սեպտեմբերի 28-ին ելույթ կունենա Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, իսկ հոկտեմբերի 1-ին` Ընդհանուր բանավեճի վերջին օրը, նախատեսված է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ուղերձը»,-նշում է «Ազատությունը»՝ կարծիք հայտնելով, որ երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները կխոսեն ղարաբաղյան գործընթացի մասին, և հաշվի առնելով վերջին շաբաթների զարգացումները՝ Հայաստանն, ամենայն հավանականությամբ, կանդրադառնա նաև Ռամիկ Սաֆարովի արտահանձնման ու Ադրբեջանում նրա հերոսացման վտանգավոր հանգամանքին։

 

Հիշեցվում է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կազմակերպության կանոնադրությամբ ստեղծված խորհրդակցական, հրահանգող և ներկայացուցչական մարմին է, հարթակ է, որը բազմակողմանի քննարկումների հնարավորություն է տալիս բոլորին, ընդ որում` ոչ միայն անդամ, այլև ոչ անդամ երկրներին, ինչպես նաև միջազգային խոշոր կազմակերպություններին։