Օլիմպիական չեմպիոնին ձերբակալել են հյուրանոցում հրահրած կռվի համար
Սնոուբորդի օլիմպիական կրկնակի չեմպիոն Շոն Ուայթին ձերբակալել են հյուրանոցում հրահրած կռվի համար, որը նա արել է ալկոհոլի ազդեցության ներքո: Այդ մասին հաղորդում է «Ասոշիեյթեդ Պրեսսը»:
26-ամյա մարզիկը վեճի է բռնվել Նեշվիլլի (Թեննեսի) «Loews Vanderbilt Hotel»-ում, սեպտեմբերի 16-ի գիշերը: Նա միացրել է հրդեհային ազդանշանային համակարգը, ինչի արդյունքում հոթելի բոլոր բնակիչները տարհանվել են: Բացի այդ, ականատեսի խոսքով, Ուայթը ջարդել է հյուրանոցային հեռախոսը: Այն բանից հետո, երբ կանչվել է ոստիկանությունը, մարզիկը փորձել է փախչել տաքսիով, սակայն նրան կասեցրել է հոթելի բնակիչներից մեկը: Հաղորդվում է, որ մարզիկը դուրս է թռչել և փորձել փախչել, իսկ փախուստի ընթացքում ընկել է և գլխով հարվածել դարպասին:
Մարզիկին տեղափոխել են հիվանդանոց: Նրան դուրս են գրել երկուշաբթի՝ սեպտեմբերի 17-ին, ինչպես նաև նույն օրը ձերբակալել են: Ուայթը մեղադրվում է վանդալիզմի և հասարակական վայրում ալկոհոլային վիճակում գտնվելու մեջ: Նրան բաց են թողել հոկտեմբերի 10-ին անպայման դատարան ներկայանալու խոստման պայմանով:
Շոն Ուայթը ոսկե մեդալներ է նվաճել Թուրինի (2006 թ.) և Վանկուվերի (2010 թ.) Օլիմպիադներում՝ հաֆ-փայփի մրցույթներում: Մարզիկը հանդիսանում է հագուստի արտադրության սեփականատեր, ինչպես նաև թողարկում է սնոուբորդինգի մասին տեսախաղեր և ֆիլմեր: Ուայթը նաև բավականին հաջողակ սքեյթբորդիստ է:










