Քյաբաբասեր պաշտոնյաներ,պատրա՞ստ եք. «Մեր քաղաքը» բողոքի ակցիա կանի Փակ շուկայի մոտ

11:35 • 18.09.12

Ֆեյսբուքյան «Մեր քաղաքն» քաղաքացիական խումբի անդամներն այսօր ժամը 18-ից սկսած քաղաքացիական ստուգայց կկատարեն Փակ շուկայից մինչև Տերյան 11 հասցեում գտնվող Աֆրիկյանների տուն: Առաջին կանգառը Փակ շուկան է, երկրորդը՝ Աֆրիկյանների տունը:


«Մեր քաղաքի տեսքն այլանդակողներ, սևագործ ճարտարատգետներ, «Բուդեն-Բուդենում» հանգստացող քյաբաբասեր պաշտոնյաների հլու-հնազանդ ծառաներ... Պատրա՞ստ եք», մենք գալիս ենք քաղաքացիական ստուգայցի: Ծածկած շուկայի նախագիծը դեռևս չի ներկայացվել բաց հասարակության դատին, խախտվում է ՀՀ օրենքը, Սահմանադրությունը, իսկ դուք բարբաջում եք, թե ծառայում եք Երևանի քաղաքացիներին: Դուք վատ եք ծառայում»,- նշված է խմբի՝ այսօր տեղադրած հայտարարությունում:


Նշվում է, որ Երևանում ներբակային շինարարություն իրականացվում է առանց նախագծի հրապարակման և առանց շինթույլտվության : Օրինակներից են Նալբանդյան 106/1 հասցեն և Երևանի Կրկեսի շենքի պայթեցումը՝« այն հիմնովին վերակառուցելու պատրվակով»:


Քաղաքացիական խմբի անդամները նշում են, որ հիմա էլ Աֆրիկյանների տան հաշվին է փորձ արվում «կանաչապատել» բետոնապատ Հյուսիսային «փողոտան»՝ այդ բնակարանների վաճառքն ապահովելու համար:

 

«Արդեն բավական են այս կոսմետիկ բարենորոգումներն և քաղաքի իրական քարուքանդը… Մենք գալու ենք վերահսկելու ձեր իիբր-թե վերահսկածը»,-նշվում է հայտարարության տեքստում և հավելվում է, որ թույլ չի տրվելու քաղաքի պատմության ոչնչացումը: