Հայաստանում առաջին անգամ կանցկացվի skyrunning-ի մրցաշար
Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան «Գրանդ սպորտ» մարզահամալիրի աջակցությամբ սեպտեմբերի 22–23-ը Արագածում կանցկացնի «Հյուսիսային Խաչ» Հայաստանի skyrunning-ի (բառացի՝ երկնային վազք) առաջին մրցաշարը:
Ֆեդերացիայի տարածած մամուլի հաղորդագրության համաձայն՝ մրցաշարի նպատակ ունի Հայաստանում տարածել skyrunning սպորտաձեւը, հայտնաբերել ուժեղագույն մարզիկներին եւ առողջ ապրելակերպ քարոզել:
Մրցույթն անցկացվում է տղամարդկանց եւ կանանց շրջանում անհատական մրցաձեւում ըստ տարիքային խմբերի՝ դատավորական ապահովմամբ։
Մրցաշարի մասնակիցները 3240 մետրից մեկնարկելով հատուկ դրոշակներով նշված երթուղիով, առավել կարճ ժամանակահատվածում փորձում են հասնել Արագածի հյուսիսային գագաթ: Հաղթողները կպարգեւատրվեն պատվոգրերով, թանկարժեք նվերներով, դրամական խոշոր պարգեւներով։
Մրցաշարի անցկացումը ողջունել են skyrunning-ի Միջազգային ֆեդերացիայի նախագահ Մարինո Ջակոմետտին (Marino Giacometti), Ռուսաստանի skyrunning-ի ասոցիացիայի նախագահ Եվգենի Կոլչանովը:
Ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան հրավիրում է նաև լուսաբանել այս միջոցառումը: Ցանկացողները կարող են գրանցվել՝ զանգահարելով 093-45-25-81 համարին: Նրանց տեղափոխումը Արագած ապահովում է ֆեդերացիան:
Skyrunning-ը, լինելով թեթեւ ատլետիկայի մարզաձեւ, սկիզբ է առել Եվրոպայում, որտեղ անցկացվում են բազմաթիվ մրցաշարեր: Այն լեռներում տեղաշարժման միջոց է ծովի մակարդակից երկու հազար մետրից ավել բարձրության վրա:
Մրցաշարին մասնակցելու համար անհրաժեշտ պարագաները. քամուց պաշտպանող հագուստ, համապատասխան եւ հարմար կոշիկ, ձեռնոց, գլխարկ, արեւային ակնոց, ուսապարկ, ձեռնափայտ եւ դեղարկղ:










