Ռուսներին սպառնում են զրկել YouTube մուտքի հնարավորությունից

15:59 • 18.09.12

Ռուս օգտատերերին կարող են զրկել YouTube տեսահոսթինգ մուտքի թույլտվությունից ` այնտեղ տեղադրված սկանդալային «Մուսուլմանների անմեղությունը» ամերիկյան ֆիլմի պատճառով, գրում է rbcdaily.ru-ն:

 

Նման որոշման հիմք կարող է ծառայել նոյեմբերի 1-ից ուժի մեջ մտնող վեբկայքերի սև ցուցակների մասին օրենքը:  Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՌԴ հեռահաղորդակցության և կապի նախարար Նիկոլայ Նիկիֆորովը:

 

«Կատակը կատակ, սակայն այդ տեսանյութի պատճառով նոյեմբերի 3-5-ը YouTube-ը կարող է ամբողջովին արգելափակվել երկրի ողջ տարածքով մեկ»,-հայտնել է Նիկիֆորովը:

 

Նախօրեին ՌԴ գլխավոր դատախազությունն ամերիկյան արտադրության ֆիլմը ծայրահեղական է ճանաչել` նշելով, որ այն վիրավորում է հավատացյալների զգացմունքները:

 

YouTube-ի սեփականատեր համարվող Google ընկերությունը բազմիցս հայտարարել է , որ չի պատրաստվում հանել սկանդալային ֆիլմը, այլ միայն կարգելափակի դրա դիտումն այն երկրերում, որոնց կառավարությունները համապատասխան դիմում կներկայացնեն: Այս տարբերակով «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի դիտումն արգելափակվել է Լիբիայում, Եգիպտոսում, Ինդոնեզիայում և Հնդկաստանում: