American Airlines-ն աշխատանքից կազատի 11 հազ աշխատակցի
American Airlines ավիաընկերությունը 11 հազ աշխատակիցների զգուշացրել է աշխատանքից ազատման մասին: Ինչպես հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով ավիաընկերության մամուլի քարտուղար Բրյուս Հիքսին, աշխատանքից ազատման մասին զգուշացումներն ուղարկվել են դաշնային օրենսդրության համաձայն, որը պահանջում է նախապես զգուշացնել բոլոր նրանց, ովքեր կարող են կրճատվել:
Փետրվարին ընկերությունը հայտարարել էր 14 հազ աշխատակցի կրճատման մասին:
American Airlines-ի սեփականատեր AMR կորպորացիան 2011 թ. նոյեմբերից սնանկ է ճանաչվել: Այս տարվա սեպտեմբերին American Airlines-ը և US Airways-ը հայտարարել են միաձուլման բանակցությունների մասին:
Միևնույն ժամանակ հայտնի է դարձել, որ գործարքին կարող է մասնակցել նաև British Airways –ի սեփականատեր International Airlines Group-ը, որը նախատեսում է գնել American Airlines-ի մասնաբաժինը:










