Վերջին 6 տարում ՀՀ կրթության ոլորտում արձանագրվել են լավագույն ցուցանիշները. ԿԳ նախարար
Հայաստանի կրթության ոլորտում գրանցված ցուցանիշները, որոնք հրապարակվել են այս տարի, «Գլոբալ մրցունակության զեկույցում», լավագույնն են վերջին վեց տարիների համար. այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։
«Հայաստանի կրթական համակարգի վերաբերյալ միջազգային գնահատականները, որոնք ներկայացված են 2006-ից մինչև 2012-ը, լավագույնն են»,– ասաց նա:
Արմեն Աշոտյանը նշեց, որ համաձայն զեկույցի, հայաստանյան կրթական համակարգն ութ կետով առաջ է անցել։
«Ընդամենը, երկու ենթակետերով է որոշակի նահանջ գրանցվել: Դրանցից մեկը բուհերի ներառման տոկոսն է»,- ասաց նախարարն ու ասվածը մեկնաբանեց հետևյալ կերպ, որ բուհերում սովորողների թիվը նվազել է, որովհետև նախորդ տարի չեն եղել շրջանավարտներ՝ 12-ամյա կրթությանն անցնելու պատճառով:
Նվազման մյուս պատճառը, ըստ նրա, տարրական դպրոցում սովորողների թվի նվազումն է, սակայն, ըստ նախարարի, այստեղ խնդիրը նրանում է, որ զեկույցում սխալ տվյալներ են ընդգրկվել՝ վերցվել են 2007թ-ի տվյալները: Նախարարի պնդմամբ, եթե 2012-ի ցուցանիշները վերցնեին, ապա այստեղ էլ աճը նկատելի կլիներ:
Այս ամենից եզրակացնելով՝ Արմեն Աշոտյանը նշեց, որ կրթության ոլորտում իրականացվող փոփոխություններն ընթանում են ճիշտ ուղով, սակայն խոստովանեց, որ դրանք դանդաղ դինամիկա ունեն. «Այդ դանդաղկոտությունն է, որ մեզ չի բավարարում, սակայն այն դրական է, և դա ակնհայտ է»:
Նախարարը նաև հավելեց, որ վերջին 9 ամիսների սոցիալական հետազոտությունը ցույց է տվել, որ կրկին արձանագրված են դրական տեղաշարժեր՝ չնայած առկա խնդիրներին:
«Չկա խնդիր, որի մասին նախարարությունը տեղյակ չլինի»,- վստահեցրեց նա և նկատեց, որ ըստ զեկույցի՝ Հայաստանը լավագույնն է Հարավային Կովկասի երկու երկրներից՝ Վրաստանից և Ադրբեջանից:
Ի դեպ, ԿԳ նախարարը համոզմունք հայտնեց, որ ասուլիսը հրավիրվել է ոչ թե նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Կառավարությանն ուղղված սուր քննադատությունից ելնելով, այլ ուղղակի զուգադիպություն է։
«Ասուլիսը պայմանավորված էր անցկացնել անցյալ շաբաթ, սակայն իմ գործուղման պատճառով այն հետաձգվեց, իհարկե, քննադատությունն ազդեց ասուլիս բովանդակության վրա»,- եզրափակեց ԿԳ նախարարը:










