Ֆրանսիական ամսագիրը հրապարակել է Մուհամադ մարգարեի երբևէ արված ամենասադրիչ ծաղրանկարները
Ֆրանսիական Charlie Hebdo երգիծական ամսագիրը վաճառքի ռեկորդներ է սահմանել երկրում, քանի որ դրա նոր համարում հրապարակվել են Մուհամադ մարգարեի ծաղրանկարները, հայտնում է vesti.ru-ն:
Ամսագրի խմբագիր Ստեֆան Շարբոնյեի խոսքով՝ այդ ծաղրանկարները կվիրավորեն նրանց զգացմունքները, ովքեր ցանկանում են իրենց վիրավորված զգալ:
«Ես կարծում եմ, որ սրանք Մուհամադի վերաբերյալ երբևէ արված ամենասադիրչ ծաղրանկարներն են: Սակայն մի՞թե մամուլի ազատությունը կարելի է սադրանք համարել»,-ասել է Շարբոնյեն:
Ծաղրանկարները տեղադրված են ամսագրի շապիկին և վերջին էջում. դրանք նվիրված են իսլամական աշխարհի ցասումն առաջացրած ամերիկյան «Մուսուլմանների անմեղությունը» սկանդալային ֆիլմին:
Ֆրանսիայի կառավարությունն իր հերթին արձագանքել է ամսագրի թողարկվելիք սկանդալային համարին. մասնավորապես՝ երկրի վարչապետ Ժան Մարկ Էրոն զսպվածության կոչ է արել ամսագրի խմբագրությանը` նշելով, որ պետք չէ է՛լ ավելի սրել լարված դրությունը:










