Ի՞նչ կապ կա թալիբների մասին տեղեկության և Պուտինի՝ Հայաստան հնարավոր այցելության հետաձգման մեջ ըստ Գուրգեն Եղիազարյանի
Ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը 50/50 է համարում հավանականությունը, որ Հայաստան է ներթափանցել թալիբ ահաբեկիչների խումբ:
«Եթե այդ տվյալները մեր ԱԱԾ-ը ստացել է ռուսական հատուկ ծառայություններից, ապա դրան պետք է շատ լուրջ վերաբերել: Ինչո՞ւ եմ այդպես ասում. եթե հիշում եք՝ սպասվում էր Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան, և դա չկայացավ, ամսի 17-ին էր նախատեսված, կարծեմ: Ուրեմն, եթե այս տվյալները ճիշտ են, եթե նման բան կա, կապենք Վլադիմիր Վլադմիրովիչի չկայացած այցի հետ, ուրեմն դա ռուսական հատուկ, ծառայությունների տվյալն է, որին պետք է շատ լուրջ վերաբերվել: Իսկ մնացած 50 տոկոսի մասին ես հետո կխոսեմ: Թե ինչպես է պատահում, որ Հայաստանում նախագահական ընտրություններից մի քանի ամիս առաջ խոսում են թալիբ ահաբեկիչների մասին»,- Tert.am–ին ասաց Գուրգեն Եղիազարյանը՝ չհերքելով, որ կասկածում է այս խմբի՝ Հայաստան ներթափանցելու մեջ:
Հիշեցնենք, որ ըստ «Հայկական ժամանակի»՝ նոր մանրամասներ են հայտնի դարձել Հայաստանում ահաբեկչական հնարավոր գործողության վերաբերյալ ՀՀ իրավապահների ունեցած տեղեկությունների մասին: Ըստ այդմ, Հայաստան է ներթափանցել թալիբ ահաբեկիչների մի խումբ:
Ծայրահեղ իսլամիստական ահաբեկչական այդ կազմակերպության գրոհայինների ներթափանցման մասին լուրը, ըստ էության, երեկ չի հերքել ԱԱԾ մամուլի քարտուղար Արծվին Բաղրամյանը՝ ասելով՝ «Ես չեմ մեկնաբանում այդ տեղեկությունները: ԱԱԾ-ի աշխատանքը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում օրենքով վերապահված բոլոր գործառույթները` ուղղված ահաբեկչության դեմ պայքարի հարցերին: Թերթը նշում է, որ ՀՀ ոստիկանության, ԱԱԾ-ի և այլ ծառայությունների հատուկ ստորաբաժանումները արդեն մի քանի օր է աշխատում են «զորանոցային» ռեժիմի պայմաններում:
Ի պատասխան հարցի, թե ի՞նչ առնչություն կարող է ունենալ Հայաստանը թալիբների ու իսլամական ծայրահեղ վահաբիստների հետ, և կարե՞լի է լուրջ վերաբերել միջկրոնական հակասությունների վարկածին, Գուրգեն Եղիազարյանը նշեց. «Իհարկե, քանզի ժամանակին Սերժ Սարգսյանի կողմից հնչեցին հայտարարություններ, որ ղարաբաղյան հակամարտությունը իսլամի և քրիստոնեության միջև գոյամարտ էր: Բայց մենք շատ լավ հասկանում ենք, որ այն մեր ժողովրդի կենաց-մահու պայքարն էր և ուղղված չէ իսլամին: Սա առաջինը, եթե նման բան կա: Բայց, եթե ԱԱԾ-ն ու ոստիկանությունը նման ռեժիմով են աշխատում, ուրեմն՝ ինչ-որ օպերատիվ տվյալ են ստացել: Բայց կրկնում եմ՝ դրա հավանականությունը 50/50 է»:
Նշենք, սակայն, որ Երևանում անցած տարվա նոյեմբերի 28-29-ը անցկացվող ԱՊՀ միջկրոնական խորհրդի նախագահության նիստի ժամանակ ելույթ ունենալով՝ Սերժ Սարգսյանն ասել էր հետևյալը. «Մեր սկզբունքային մոտեցումների շարքում պետք է շեշտեմ, որ այս հակամարտությունը չի կրում կրոնական բնույթ, և դրան կրոնական երանգավորում հաղորդելու բոլոր փորձերն ապակառուցողական են: Չի կարելի թույլ տալ, որ երկու մեծ կրոնները` քրիստոնեությունը և մահմեդականությունը, որոնք դավանում են մեր ժողովուրդները, փորձեն հակադրել միմյանց»:
Հավանականության 50 տոկոսի շրջանակներում ԱԱԾ նախկին փոխնախարարը հիշեց, որ ղարաբաղյան տարիներին ադրբեջանցիները հաջողության հասնելու համար պատերազմական գործողությունների դաշտ էին բերել Շամիլ Բասաևին:
«Ես հիշում եմ, որ մենք ունեցել ենք գերեվարված դուշման, որը Աղդամի ուղղությամբ իրեն շղթայով գամել էր գնդացիրին, այսինքն՝ մահապարտ էր»,- հիշեց Գուրգեն Եղիազարյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը վերջերս մշտապես խոսում է այն մասին, որ Սիրիայում հայերին սկսել են սպանել ոչ թե պատահաբար, պատահական կրակոցների, և այլնի արդյունքում, այլ էթնիկական-կրոնական հողի վրա, ինչի հետ Սիրիայում ՀՀ հատուկ նշանակության դեսպան Լևոն Սարգսյանը համաձայն չէր և Tert.am –ի հետ զրույցում ասել էր, որ երբ մեծ հայկական համայնք ունեցող երկրում արդեն լայնածավալ պատերազմ է, զոհվում են մարդիկ, այդ թվում՝ հայեր:
Այսուհանդերձ, քաղաքագետը պնդում էր, որ Իլհամ Ալիևի կողմից Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելը և հերոսացնելը ահազանգ էր ողջ մահմեդական աշխարհին, որ հային սպանողը կհերոսանա:
Նշենք, նաև, որ չհաշված «Իսլամական կոնֆերանս» կազմակերպության առանձին գագաթնաժողովներում ընդունված որոշ բանաձևերին, արաբական աշխարհը երբեք ղարաբաղյան հակամարտությունում հանդես չի եկել պրոադրբեջանական դիրքորոշմամբ:
Այս մտքի հետ Գուրգեն Եղիազարյանը համաձայն է, իսկ Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու և իսլամական աշխարհին տված ազդանշանի միջև եղած կապի մասին այս մեկնաբանությունն ուղղակի առաջացնում է նրա ծիծաղը:
«Ռամիլ Սաֆարովը մի հատ կենդանակերպ մարդասպան է, քնած մարդուն կացնահարող տականք է, Ռամիլ Սաֆարովի պես գյադու ասածով, պատճառով բացառված է: Իսկ եթե նման բան կա, շան գլուխը ավելի խոր արմատներ կունենա: Հետո ասեմ, որ էդ վահաբիստները էն, ինչ-որ իրենց պետք է, սուրահներից (Ղուրանի գլուխներ – Tert.am) խեղաթյուրված ներկայացնում են իրենց հավատացյալներին: Ես, իհարկե, էդ սուրահին ուղիղ ծանոթ չեմ, որ հային սպանելուց հետո հոգիդ կհայտնվի դրախտում, դու էլ շրջապատված կլինես 33 կույսերով»,- ասաց Գուրգեն Եղիազարյանը:
Ահաբեկչության հնարավոր թիրախների մեջ տրամաբանություն փնտրել պետք չէ, ասում է Գուրգեն Եղիազարյանը՝ հրաժարվելով ասել, թե ՀՀ իրավապահները նման օպերատիվ տեղեկություն ստանալու դեպքում ինչ թիրախներ կարող են ընտրել որպես պահպանության վայրեր՝ օդանավակայա՞ն, դեսպանատնե՞ր, դպրոցնե՞ր, թե՞ ինչ:
«Ահաբեկչությունը սարսափելի է նրանով, որ երբեք չես կարող ասել, թե որտեղ կլինի հարվածի ուղղությունը »,-ասաց Գուրգեն Եղիազարյանը՝ նշելով, որ աշխարհում և ոչ մի հատուկ ծառայության ոչ մի պրոֆիլակտիկ միջոցառում չի կարող հարյուր տոկոսանոց ապահովագրում իրականացնել:
Նշենք, որ «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հարցադրում էր արել, թե այդ վահաբիստները այդքան նմա՞ն են հայի, որ ներթափանցել են Հայաստան: Գուրգեն Եղիազարյանն ի պատասխան պաշտպանեց մեր հատուկ ծառայություններին:
«Ստեղ մեղք դնել չի կարելի էդ ներթափանցման համար, հազար ու մի ձև կա: Ցամաքային սահման կա, որով կարող են գալ: Պարտադիր չէ, որ անձնագրով կգան, մեջն էլ նշված լինի, որ ինքը թալիբ է»,-ասաց Գուրգեն Եղիազարյանը՝ չբացառելով, որ ներթափանցումը կարող է լինել և՛ Իրանից, և՛ Վրաստանից:
«Ասեմ որ, ամենապաշտպանվածն այս առումով այսօր Արաքսի հետ (Թուրքիայի - Tert.am) մեր սահմանն է»,- ասաց Գուրգեն Եղիազարյանը՝ միաժամանակ «շատ վատ սահման» համարելով Վրաստանի հետ մեր սահմանը:
Քանի որ ըստ նրա՝ դեռ խորհրդային ժամանակներից եկող իներցիոն մտածելակերպ կա, որ թույլ չի տալիս այնտեղից վտանգ ակնկալել:










