«Էլնոր» ընկերությունից պահանջում ենք ներողություն խնդրել թափված աղբի համար. «Մենք կարող ենք» շարժում
2012 թ. սեպտեմբերի 17-ին «Մենք կարող ենք» շարժումը տարածել էր հաղորդագրություն, որով տեղեկացվում էր, որ ուսանողների կողմից ՝ «Հայաստանն առանց աղբի» կամավորական նախաձեռնության շրջանակներում, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի Կարմիր բլուր հնավայրի տարածքի մաքրման ժամանակ, մեքենայով հնավայրին է մոտեցել «Էլնոր» ընկերության աշխատակիցը և գործարանային աղբ նետել տարածք:
«Մենք կարող ենք» շարժման մասնակիցները կրկին տարածել են հաղորդագրություն՝ հայտնելով որ չնայած միջադեպի «հերոսը» «Էլնոր» ընկերության աշխատակիցն է, սակայն «Էլնոր» ընկերությունը չի ցանկանում պատասխանատվություն կրել իր աշխատակցի կողմից թույլ տված անընդունելի արարքի համար:
Հետևաբար, Շարժման ներկայացուցիչները՝ դիմելով «Էլնոր» ընկերությանը, պահանջում են. «Քանի որ ընկերությունը ողջունել է շարժման նպատակներն ու գործունեությունը (ըստ մամուլում տարածված տեղեկատվության), իսկ մենք ողջունում ենք միայն սոցիալական պատասխանատվություն կրող ընկերություններին, հետևաբար, պահանջում ենք. ա. հրապարակավ ընդունել ընկերության պատասխանատվությունն իր աշխատակիցների աշխատանքային գործունեության համար և ներողություն խնդրել տարածքը մաքրած երիտասարդներից, բ. սեփական ռեսուրսներով մաքրել աղտոտված տարածքը»:
Շարժման ներկայացուցիչները տեղեկացնում են, որ իրենց կողմից ներկայացված պահանջները չիրականացնելու դեպքում՝ շարժումը պատրաստ է տեր կանգնել մաքրված տարածքներին և աղտոտողների դեմ տանել հետևողական պայքար՝ օգտագործելով հանրությանը հասանելի բոլոր միջոցները:
«Մենք կարող ենք» շարժումը կրկին հիշեցնում է, որ սպասում է պետական մարմինների՝ մասնավորապես, Երևանի քաղաքապետարանի, ՀՀ Մշակույթի նախարարության և ՀՀ Բնապահպանության նախարարության արձագանքին՝ միջադեպի վերաբերյալ:
Շարժումն ակնկալում է նրանցից գործնական քայլեր՝ հնավայրը փրկելու հարցում:










