Ֆրանսիացիները կարևորություն չտվին Ալիևի փարիզյան ճամփորդությանը. Մուրադ Փափազյան
Երեկ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում տեղի ունեցավ ֆրանսահայերի կազմակերպած բողոքի ցույցը, որն ուղղված էր նրան, որպեսզի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին չընդունեն Ելիսեյան պալատում, մեծ արձագանք է գտել ֆրանսիական լրատվամիջոցներում և Ֆրանսիայի քաղաքական շրջանակներում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը՝ նշելով, որ այս բողոքի ակցիան ունենալու է իր հետևանքը:
«Ֆրանսիայի քաղաքական դասակարգին մենք ներկայացրինք մեր քաղաքական մոտեցումը, քաղաքական վիճակ մը և ասիկա շատ կարևոր է, որ եթե բաղդատենք ադրբեջանական քայլին հետ, ապա պիտի ըսեն, որ ֆրանսիական դասակարգին մեջ գտնվող անձնավորությունները մեզի հետ էին»,- ասաց Մուրադ Փափազյանը:
Նշենք, որ մինչ ֆրանսահայերը բողոքի ցույց էին անում Փարիզում Ադրբեջանի դեսպանատան դիմաց՝ պահանջելով չընդունել Ալիևին Ելիսեյան պալատում, զուգահեռաբար, Փարիզի Հայաստանի դեսպանատան մոտ ցույց էին անում նաև ադրբեջանցիները:
Հայերի և ադրբեջանցիների բողոքի ակցիայի մասնակիցները, բարեբախտաբար, չեն հանդիպել իրար, հետևաբար, բախումներ չեն արձանագրվել:
Նշենք, որ երկու դեսպանատները գտնվում են, մոտ, 200 մետր հեռավորության վրա:
Մուրադ Փափազյանի խոսքով, ադրբեջանցիների ցույցին մասնակցել է շուրջ 120, իսկ ֆրանսահայերի ցույցին՝ շուրջ 1000 մարդ:
«Աշխույժ ցույց մը, զորավոր երիտասարդությունը մեծ թվով ներկա էր, և նաև՝ ֆրանսիական քաղաքական անձնավորությունները»,- մանրամասնեց Մուրադ Փափազյանը:
Այսուհանդերձ, Իլհամ Ալիևին Ելիսեյան պալատում ընդունեցին:
Մուրադ Փափազյանն ասաց, թե կանխատեսելի էր, որ Իլհամ Ալիևը կարժանանա ընդունելության, հավելով.«Երբ նախագահը կուգա ուրիշ երկիր, մյուս նախագահը չի կրնար մերժել, բայց պետք է իմանալ, որ Ֆրանսուա Օլանդը Ալիևին տրամադրեց նվազագույն ֆորմատ՝ կես ժամ: Ե՛վ լրագրողները ներկա չէին, և՛ ֆրանսիացիները կարևորություն չտվին այդ ճամփորդությանը: Առաջին հերթին նախագահ Օլանդը չուզեց, որ Ալիևի հետ իր հանդիպումն արձագանք ունենա»:
Հիշեցնենք, որ ֆրանսիական ամենահայտնի պարբերականներից Le Monde-ը ֆրանսահայերի ցույցին անդրադարձել էր՝ «Հանցագործ Ալիևին Ֆրանսիայում կոչ են արել վերականգնել Հայաստանի հետ վստահության մթնոլորտը» վերտառության ներքո: Օլանդ-Ալիև հանդիպման վերաբերյալ թերթը գրել է.« Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն Ալիևին կոչ է արել «վերականգնել Հայաստանի հետ վստահության մթնոլորտը», որպեսզի հնարավորություն ստեղծվի վերսկսել Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունները՝ Մինսկի խմբի ձևաչափով»:
Իբրև հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի հետագա գործունեության ուղենիշ՝ Մուրադ Փափազյանը նշեց.«Մենք պետք է շարունակենք աշխատանք տանել քաղաքական գետնի վրա՝ սևցնելու համար Ալիևի ռեժիմը, Ադրբեջանի նպատակները՝ քաղաքական դասակարգի, կառավարության, նախագահի ու մամուլի մոտ: Մենք կսկսենք երկարաշունչ պայքար»:










