ՌԴ-ում USAID-ի աշխատանքի դադարեցման պատճառով՝ երկիրը կլքի 13 ամերիկացի դիվանագետ. Guardian

16:11 • 19.09.12

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունն այսօր պաշտոնապես տեղեկացրել է ամերիկյան կողմին, որ հոկտեմբերի 1-ից կդադարեցվի ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) գործունեությունը:

Ինչպես հայտնում է vz.ru-ն՝ վկայակոչելով The Guardian-ին, գործակալության գործունեության դադարեցումից հետո կազմակերպության հովանու ներքո աշխատող 13 դիվանագետներ ստիպված կլինեն լքել երկիրը:

 

Եվս 60 աշխատակիցների ճակատագիրը, ովքեր ՌԴ քաղաքացիներ են, մնում է անհայտ, գրում է բրիտանական թերթը:

 

Թերթը հայտնում է, որ ՌԴ-ում USAID-ի գործունեության դադարեցման որոշման մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին տեղեկացրել էր դեռ Վլադիվոստոկում կայացած Ասիական-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովի շրջանակում:


Մինչդեռ Սպիտակ տունը դժգոհություն է հայտնել ռուսական իշխանությունների որոշման վերաբերյալ:

«Մենք ցավում ենք, որ չենք կարող կատարել այն աշխատանքը, որը պատվով կատարել ենք մինչ այժմ: Սա դժվար օր է»,- թերթին ասել է ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը:

 

Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ն, այնուամենայնիվ, չի պատրաստվում հրաժարվել Ռուսաստանում քաղաքացիական հասարակությանն աջակցություն ցուցաբերելուց: