ՀՀԿ, ՕԵԿ երիտթևերը չեն միացել ՀԱԿ ակտիվիստներին դեմ դատավճռի քննադատությանը
Խորհրդարանական ընդդիմության բոլոր երիտասարդական թևերը միավորվել են և քննադատում են «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր ակտիվիստներին դեմ կայացված դատավճիռը, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեցին «Հայոց համազգային շարժում» կուսակցության երիտասարդական թևի Երիտասարդական միության (ԵՄ) Գործադիր մարմնի անդամները՝ հրապարակելով այն նամակների պատասխանները, որոնք ուղղվել էին երիտասարդական այս թևերին:
««Ժառանգություն», Հայ Յեղափոխական Դաշնակցություն, «Բարգավաճ Հայաստան» «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների երիտասարդական միությունները իրենց ստորագրությամբ հաստատել են, որ Հայաստանի որևէ քաղաքացի չպետք է հետապնդվի որևէ քաղաքական հայացքների համար»,-ասաց ՀՀՇ Երիտասարդական միության (ԵՄ) Գործադիր մարմնի անդամ Արշակ Մուսախանյանը:
Մինչդեռ ըստ նրա՝ իրենց նամակին չեն միացել միայն ՕԵԿ և ՀՀԿ երիտասարդական թևերը:
«Իրենց ուղղված մեր նամակին ի պատասխան նրանք նշել էին, որ ապացույցները բացակայում են, որպեսզի նրանք կանգնեն ՀԱԿ ակտիվիստների կողքին և միանան մեր պայքարին»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ ՀԱԿ չորս ակտիվիստները` Տիգրան Առաքելյանը, Սարգիս Գեւորգյանը, Դավիթ Քիրամիջյանը եւ Արտակ Կարապետյանը մեղադրվում են անցած տարի օգոստոսի 9-ին Կարապի լճի մոտակայքում ոստիկանների հետ վիճաբանելու, հասարակական կարգը խանգարելու մեջ:
Արշակ Մուսախանյանը նաև նշեց, որ ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի երիտասարդները շեղվել են ժողովրդավարության, Մարդու իրավունքների համար պայքարից և զուտ քաղաքական դիրքորոշումից ելնելով՝ նրանք չեն միանում այս անարդար դատավճռին:
«Ինչպես կարող է վարչախումբը ներկայացնող թևը հայտարարությամբ հանդես գա և որը դեմ լինի վարչախմբի քաղաքական ծրագրին: Դա մեր համար շատ պարզ է, որովհետև երիտասարդները մեղադրվում են քաղաքական հայացքների համար՝ հաշվեհարդարից ելնելով, ուստի իշխող կուսակցության թևը չպետք է միանար»,- ընդգծեց նա:
Արշակ Մուսախանյանի պնդմամբ՝ այս երիտասարդները նույնիսկ դեմ են գնացել իրենց, իսկ հայտարարություններին:
«Երբ ժողովրդական սկզբունքները խախտվում են, նրանք պարտավոր են իրենց ընդունած հայտարարության հոգուն հավատարիմ մնալ: Հենց նրանք էին, որ իրենց ներկայացուցչի ձեռքով ստորագրել էին հայտարարություն, որի 4-րդ կետը ենթադրում է, որ բոլոր երիտասարդները պետք է համախմբեն իրենց ջանքերը, երբ նկատեն քաղաքական հետապնդում»,– նկատեց նա։
«Փաստորեն նրանք իրենց հայտարարության տակ ստորագրությունն են մերժել»,-նշեց Արշակ Մուսախանյանը և դրանից ելնելով հայտարարեց, որ այսուհետ դադարեցնում են ՕԵԿ-ի և ՀՀԿ-ի երիտասարդական թևերիր հետ հարաբերությունները և պատրաստ են խորացնել դրանք «Ժառանգության», ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի, «Ազատ դեմոկրատների» երիտասարդ թևերի հետ:
ՀՀՇ ԵՄ Գործադիր մարմնի անդամ Արման Գալոյանն իր հերթին տեղեկացրեց, որ Դատախազության դիմաց ամեն ուրբաթ նախատեսվող ակցիաները շարունակվելու են:
«Քրեական գործը բողոքարկվել է Վերաքննիչ դատարանում, որն ընդունվել է, սակայն դատավարության օրը դեռևս հայտնի չէ: Նաև ակցիաներ կլինեն Վերաքննիչ դատարանի մոտ»,- ասաց նա և հայտարարեց, որ այսօր Հայաստանում կա մեկ քաղբանտարկյալ:
«Հայաստանում կա մեկ քաղբանտարկյալ՝ ի դեմս Տիգրան Առաքելյանի և երեք պոտենցիալ քաղբանտարկյալ, որոնք քաղբանտարկյալ կդառնան մեղադրող վճռից հետո»,- ասաց նա և ի լուր իշխանությունների՝ նշեց, որ հարցն իրենք բարձրաձայնելու են Եվրոպական ատյաններում և դրանից առաջինը, հավանաբար, կլինի ԵԽԽՎ-ի ամբիոնը:
Ըստ Դատարանի որոշման՝ ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման, Արտակ Կարապետյանը՝ 3, Սարգիս Գևորգյանը՝ 2, Դավիթ Քիրամիջյանը՝ 2 տարվա ազատազրկման: Մեղադրյալներից միայն Տիգրան առաքելյանն է կալանավորված:










