Մարտական զենքից հրաձգության առաջնություն` քաղաքապետի և ոստիկանապետի նախաձեռնությամբ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի նախաձեռնությամբ ՀՀ անկախության 21-րդ տարեդարձին ընդառաջ, առողջ ապրելակերպ կարգախոսի ներքո, այսօր կազմակերպվել էր մարտական զենքից հրաձգության առաջնություն, որին մասնակցում էին մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների ղեկավարները:
Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչությունից, միջոցառման նպատակը Երևանի վարչական շրջանների ղեկավարների` որպես հրաձիգներ կարողությունների ստուգումն էր:
Անզիջում պայքարից հետո մրցանակային առաջին երեք տեղերը զբաղեցրին համապատասխանաբար Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանը , Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանը և Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը, ովքեր պարգևատրվեցին մեդալներով:
Ողջունելով և շնորհավորելով առաջնության մասնակիցներին քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ առողջ ապրելակերպին ուղղված համատեղ միջոցառումները կլինեն շարունակական և դրանց մասնակցություն կունենան նաև վարչական շրջանների աշխատակազմերը:
Քաղաքապետը նաև նշել է, որ նմանատիպ միջոցառումները միաժամանակ նաև կլրացնեն մայրաքաղաքային մարզական ու սպորտային միջոցառումների շարքը:
Հայաստանի սպորտի ոլորտում ներդրած ավանդի համար Երևանի քաղաքապետի որոշմամբ Հայաստանի քիքբոքսինգի ազգային ֆեդերացիայի նախագահ և ՀՀ ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստվածության բաժնի պետ Գառնիկ Հայրապետյանը պատգրատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:










