Ահաբեկիչները Սիրիա են ներթափանցում Թուրքիայից. սիրիահայ համայնքի ներկայացուցիչ

16:33 • 19.09.12

Վերջին շրջանում Սիրիայում լարվածության աճը պայմանավորված է արտերկրից ներթափանցած ահաբեկիչների թվի աճով. Հալեպում նման հայտարարություն է արել սիրիահայ, Հնչակյան կուսակցության անդամ Վազգեն Մեսրոպյանը, հայտնում է Regnum-ը:

 

Ըստ Մեսրոպյանի՝ այդ հարցում զգալի է Թուրքիայի դերը, որը երկրի տարածքում պատրաստված «ահաբեկիչների» առաջ «բացում է իր սահմանը» :

 

«Ես ձեզ 100 տոկոսով վստահեցնում եմ, որ սիրիացիներն այնպիսի ժողովուրդ չեն, ինչպիսին նրանց ներկայացնում են զանգվածային լրատվամիջոցները: Մենք Սիրիայում ենք ծնվել, նրանց հետ ենք հասակ առել, աշխատել», - հավելել է Մեսրոպյանը:

 

Խոսելով սիրիահայ համայնքի մասին՝ բանախոսն ասել է, որ հայերը երբեք խտրականության չեն ենթարկվել Սիրիայում և միշտ էլ «կմնան Սիրիայի ժողովրդի ու կառավարության կողքին»:

 

«Քաջ հայտնի է՝ հայերը զարգացնում են որևէ երկիր, որում բնակություն են հաստատել», - ընդգծել է Մեսրոպյանը՝ հավելելով, որ առայժմ հայերը պետք է դիմանան և պատրաստ լինեն ինչպես մարդկային, այնպես էլ նյութական կորուստների:

 

Ըստ նրա՝ Թուրքիայի հետ սահմանային Քեսաբ հայաշատ ավանում վիճակը կայուն է, վատ է Հոմսի մերձակա հայաբնակ գյուղերի վիճակը: Հալեպի հայերի մասին նա ասել է, թե նրանք փորձում են պաշտպանվել առանց զենքի, իսկ նրանց պաշտպանում է Սիրիայի բանակը: Մեսրոպյանը հայտնել է, որ Հալեպում գործում է Հայ Հեղափոխական Դաշնակցության, Հնչակյան և Ռամկավար կուսակցությունների համատեղ շտապ օգնության կենտրոնը: