«Մուսուլմանների անմեղությունը» չի կարող ամերիկացիների նկատմամբ բռնությունների արդարացում լինել. Օբամա

09:47 • 19.09.12

Արաբական աշխարհում բողոքի ալիք բարձրացրած Մուհամադ մարգարեի մասին «Մուսուլմանների անմեղությունը» ամերիկյան ֆիլմը չի կարող ԱՄՆ քաղաքացիների նկատմամբ բռնությունների արդարացում լինել: Այս մասին CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:

 

«Անշուշտ, մենք դատապարտում ենք այս վիրավորական տեսագրությունը, որին ԱՄՆ կառավարությունը բացարձակապես ոչ մի առնչություն չունի»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը: Օբաման ընդգծել է, որ բարեփոխումների ուղին բռնած Մերձավոր Արևելքի երկրներին անհրաժեշտ է գիտակցել, որ ժողովրդավարությունը միայն ընտրությունների ժամանակ քվեարկելը չէ:

 

«Ժողովրդավարությունը նաև խոսքի ազատության հարգումն է ու հանդուրժողականությունն այլակարծիք մարդկանց հանդեպ: Ես դա հստակ հասկացնել եմ տվել մի շարք երկրների առաջնորդների»,- ասել է նախագահը:

 

Նրա խոսքով՝ առաջնահերթությունների թվում այժմ Լիբիայում ողբերգական դեպքերի հետաքննությունն է և մեղավորներին դատարանի առաջ կանգնեցնելը: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-ին Բենգազի քաղաքում ԱՄՆ հյուպատոսության վրա հարձակման հետևանքով զոհվել էր ԱՄՆ դեսպանն ու ևս 3 աշխատակից: