Թալիբների մասին լուրը հիմնովին սուտ է. ԱԱԾ
«Հայկական Ժամանակ» թերթում տպագրված այն լուրը, որ իբր ահաբեկիչ գրոհայիններ են ներթափանցել Հայաստան հիմնովին սուտ է և չի համապատասխանում իրականությանը: Ըստ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) մամուլի կենտրոնի տարածած հաղորդագրության՝ նման հայտարարությամբ է հանդես եկել ԱԱԾ Մամուլի կենտրոնի պետ Ա. Բաղրամյանը:
«Թերթը ինչ-որ հետին և անհասկանալի նպատակներ հետապնդելով չպետք է խեղաթյուրի մամուլի պատասխանատուի խոսքը: Երկրի կայունությունը ավելի թանկ է, քան ակնհայտ սուտ տեղեկատվություն հրապարակելը, որն միտված է միայն թերթի սպառումն ապահովելուն»,- մասնավորապես ասել է Արծվին Բաղրամյանը:
Նշենք, որ այսօր «Հայկական ժամանակը» տեղեկություն էր տպագրել, ըստ որի նոր մանրամասներ են հայտնի դարձել Հայաստանում ահաբեկչական հնարավոր գործողության վերաբերյալ ՀՀ իրավապահների ունեցած տեղեկությունների մասին: Ըստ այդմ, Հայաստան է ներթափանցել թալիբ ահաբեկիչների մի խումբ:
Թերթը նաև գրել էր, որ ծայրահեղ իսլամիստական ահաբեկչական այդ կազմակերպության գրոհայինների ներթափանցման մասին լուրը, ըստ էության, երեկ չէր հերքել ԱԱԾ մամուլի քարտուղար Արծվին Բաղրամյանը: «Ես չեմ մեկնաբանում այդ տեղեկությունները: ԱԱԾ-ի աշխատանքը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում օրենքով վերաշահված բոլոր գործառույթները` ուղղված ահաբեկչության դեմ պայքարի հարցերին: Այնպես որ` անհանգստության որևէ առիթ չկա»,- թերթի թղթակցի հարցին ի պատասխան ասել էր Բադրամյանը:
Թերթը նաև հղում անելով ոչ պաշտոնական աղբյուրներին, գրել էր, որ համաձայն, իրավապահները չեն կարողանում պարզել` ահաբեկիչներն ապօրինի՞ են հատել ՀՀ սահմանը և այժմ թաքնվում են ինչ-որ տեղ, թե՞ Հայաստան են եկել որպես, ասենք, զբոսաշրջիկներ, հավելելով նաև, որ ՀՀ ոստիկանության, ԱԱԾ-ի և այլ ծառայությունների հատուկ ստորաբաժանումները արդեն մի քանի օր է աշխատում են «զորանոցային» ռեժիմի պայմաններում:










