Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Սբ. Թովմաս Աքվինացի» համալսարանի նախագահին

16:33 • 19.09.12

Սեպտեմբերի 19-ին Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Սբ Թովմաս Աքվինացի» համալսարանի (Մինեսոթա, ԱՄՆ) նախագահ հայր Դենիս Դիսին և հոգաբարձուների խորհրդի անդամներին: Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռի մամլո դիվանից:


Հանդիպման ընթացքում ողջունելով «Սբ Թովմաս Աքվինացի» համալսարանի ներկայացուցչական խմբի այցը Հայաստան` Վեհափառ Հայրապետն իր գնահատանքն է հայտնել համալսարանի տնօրինությանը և հոգաբարձուներին կրթական ոլորտում կարևոր և պատասխանատու առաքելություն ստանձնելու համար:

 

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև գոհունակություն է հայտնեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և համալսարանի միջև Գաֆեսճյան ընտանիքի ջանքերի շնորհիվ ձևավորված սերտ համագործակցության առիթով, որի արդյունքում Մայր Աթոռի երկու միաբաններ առիթ են ունեցել իրենց ուսումնառությունը շարունակելու «Սբ Թովմաս Աքվինացի» համալսարանում:

 

Նորին Սրբությունը տեղեկացրել է, որ վերջին տասնամյակում տարբեր Եկեղեցիների աջակցությամբ Մայր Աթոռից շուրջ քառասուն եկեղեցականներ կրթություն են ստացել արտերկրի համալսարաններում և բարձրագույն կրթական հոգևոր հաստատություններում` մասնագիտանալով կրոնական-աստվածաբանական տարբեր առարկաների մեջ:


Իր խոսքում «Սբ Թովմաս Աքվինացի» համալսարանի նախագահն իր ուրախությունն է հայտնել համալսարանում հայ եկեղեցականների ուսումնառության առիթով` վստահեցնելով, որ համագործակցությունը Հայոց Եկեղեցու հետ ապագայում ավելի կզորանա: