«ՏաԹևեր» ճոպանուղու 100000-րդ հաճախորդը Ջերմուկի առողջարաններից մեկում 7-օրյա հանգստի ուղեգիր է ստացել

12:58 • 19.09.12

«ՏաԹևեր» ճոպանուղու 100000-րդ հաճախորդը Շինուհայր գյուղի 54-ամյա բնակչուհի Անահիտ Մայիլյան է: Սեպտեմբերի 14-ին «ՏաԹևեր» ճոպանուղու ղեկավարությունը այդ առիթով հանդիսավոր արարողություն կազմակերպեց, որի ընթացքում 100,000-րդ հաճախորդին հանձնվել է նվեր՝ Ջերմուկի առողջարաններից մեկում 7-օրյա հանգստի ուղեգիր: Այս ուղևորությունը տիկին Անահիտի առաջին այցը կլինի Ջերմուկ: Այս մասին տեղեկանում ենք «Տաթևի դարպասներ» նախագծի տարածած հաղորդագրությունից:


Տիկին Անահիտը 54 տարեկան է, ամուսնացած է, ունի երկու տղա: Ընտանիքի անդամները զբաղվում են հողագործությամբ: «Գրեթե 2 տարի է, ինչ ճոպանուղին բացվել է, բայց ես ոչ մի կերպ չէի համարձակվում նստել: Շատ եմ վախենում բարձրությունից»,- պատմել է տիկին Անահիտը: «Որոտանի կիրճը բարձրությունից դիտելիս նորովի բացահայտեցի իմ հարազատ վայրերը»:

 

«Ես շատ ուրախ եմ, որ «ՏաԹևերի» խորհրդանշական 100000-րդ ուղևորը մեր համայնքի ներկայացուցիչներից է: Մենք կարևորում ենք համայնքի դերը Տաթևի զբոսաշրջային գոտու զարգացաման հարցում: Ողջունելի է, որ ճոպանուղու գործարկումից ի վեր ավելացած զբոսաշրջիկների քանակը խթանում է նոր կազմակերպությունների ստեղծումը՝ նոր աշխատատեղեր են բացվում և առողջ մրցակցության նոր չափորոշիչներ սահմանվում»,- նշել է «ՏաԹևեր» ճոպանուղու կառավարիչ Տիգրան Ղազարյանը:

 

2012 թ. սեպտեմբեր ամսին ճոմանուղի այցելությունները 1000-ով գերազանցել են 2011թ. նույն ժամանակահատվածում գրանցված զբոսաշրջիկների թվին: