«Արենի» գինու փառատոնը կկայանա հոկտեմբերի 6-ին
Լուսանկարը՝ Armenianow.com-ի
Հոկտեմբերի 6-ին կկայանա ավանդական դարձած «Արենի» գինու փառատոնը, որը կազմակերպվում է «Զբոսաշրջության աջակցության ծառայություններ» 2012թ. ծրագրերի շրջանակում՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՀՀ Վայոց Ձորի մարզպետարանի աջակցությամբ, այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Արենի փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը:
Նա նշեց, որ այս տարի գինու համտեսումը պետք է կատարվի հատուկ կավից պատրաստված բաժակներով, որոնք մարդիկ իրենց հետ տուն տանելու հնարավորություն կունենան:
Վայոց Ձորի մարզպետարանի տարածքային կառավարման վարչության պետ Արամ Գրիգորյանը նշեց, որ փառատոնի շրջանակներում կնշվի նաև բերքի տոնը, որը մարզում հին արմատներ ունի:
«Այս տարի որոշեցինք միացնել իրար, որովհետև մեկ շաբաթվա տարբերությամբ ենք նշում: Բայց մյուս տարի մենք ուզում ենք, որ այս փառատոնը կազմակերպվի ոչ միայն Վայոց Ձորում, այլ նաև մյուս մարզերում»,– ասաց նա:
«Բայց մեզ մոտ գինեգործությունը շատ հին արմատներ ունի: Ըստ ավանդության, հենց Նոյ նահապետն է ջրհեղեղից հետո առաջին խաղողի ճյուղը տնկել Արենիում»,- ասաց Արամ Գրիգորյանը։
«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը նշեց, որ փառատոններն ընդհանրապես, լավ միջոց են տվյալ երկրի մշակույթը ներկայացնելու համար:
«Բայց ամենակարևորը մարզերում բիզնես մթնոլորտ ստեղծելն է: Մարզի ժողովուրդը պետք է հասկանա, որ մենք ոչ թե գալիս ուրախանում, ուտում-խմում, գնում ենք, այլ հնարավորություն ենք տալիս ներկայացնել իրենց բերքը և վաճառել դա»,- ասաց նա:
ՀՀ համայնքների միության նախագահ Էմին Երիցյանն էլ ընդգծեց, որ նման փառատոնները տարածաշրջանային զարգացման նշանակություն ունեն, իսկ այս փառատոնը տուրիզմի զարգացման տեսանկյունից մեծ նշանակություն ունի:
«Սա Արենի գյուղում է անցկացվում, բայց ամբողջ մարզի տոնն է: Կոչ եմ անում, որ մեր բնակչությունը մասնակցի փառատոնին: Սա լավ միջոց է նաև ընտանիքներով հետաքրքիր ժամանակ անցկացնելու համար»,- ասաց նա:
Միջոցառմանը հրավիրված են ՀՀ կառավարության անդամներ, ԱԺ պատգամավորներ և հասարակական կազմակերպությունների, զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներ:
Փառատոնն առաջին անգամ կազմակերպվել է 2009թ-ին: Անցած երեք տարիների ընթացքում այն ձեռք է բերել մեծ մասսայականություն և հետաքրքրություն առաջացրել ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտերկրում:










