«Արմավիայի» չվերթները կվերականգնվեն, սակայն օդանավակայանը սպասարկողը սպառնում է կրկին դադարեցնել դրանք, եթե...

17:59 • 20.09.12

ՀՀ ազգային ավիափոխադրող «Արմավիա» և «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունները ներկայումս բանակցում են և ՀՀ քաղավիացիան՝ բանակցությունների այս փուլում նպատակահարմար չի համարում միջամտել: Այս մասին Tert.am –ին հայտնեց ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը: Ի դեպ, ինչպես Tert.am –ի հետ զրույցում ասաց Նանա Ավետիսովան, ժամը 18:00-ի մոտ չվերթները կվերականգնվեն:


«Այսօր հետաձգվել են Թել Ավիվի և Մոսկվայի չվերթները, և հույս ունենք, որ Լառնակայի չվերթը ևս կվերականգնվի»,- ասաց Նանա Ավետիսովան:


Հիշեցնենք, որ այսօր «Զվարթնոց» օդանավակայանը սպասարկող «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը հայտնել էր, որ «Արմենիա միջազգային օդանավակայանները» «Արմավիա» ավիաընկերության կուտակած պարտքերի և պայմանագրով նախատեսված սահմանաչափի զգալի գերազանցման պատճառով, անորոշ ժամանակով դադարեցրել է «Արմավիայի» չվերթների սպասարկումը:


««Արմավիա» ավիաընկերությունը կատարել է իր ընթացիկ պարտքերի վճարումը «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությանը: Սակայն, քանի որ տոնական օրեր էին, երկուշաբթին ներառյալ, ուստի փոխանցված գումարը ժամանակին չի նստել «Զվարթնոցի» հաշվեհամարին»,- Tert.am-ին ասաց ավիաընկերության լրատվական ծառայության ղեկավար Նանա Ավետիսովան՝ նշելով, որ օդանավակայանը տոնական օրերի շեմին նախազգուշական քայլեր է կատարում, որպեսզի «Արմավիա»-ն հաջորդ տոնական օրերին կանխավճար կատարի:


«Արմավիա»-ում այս գործելաոճը ճիշտ չեն համարում, քանի որ ազգային ավիափոխադրողին նման նախազգուշացումներ անելը ուղևորների համար անհարմարություններ է ստեղծում:


Հիշեցնենք, երբ ՀՀ ազգային ավիափոխադրողը անժամկետ գործադուլ հայտարարեց ՀՀ քաղավիացիոն ծառայության միջնորդությամբ՝ «Արմավիան» և «Զվարթնոցը» բանակցություններ սկսեցին և պարտքերի մարման ժամանակացույց կազմեցին:

Քիչ առաջ հայտարարությամբ հանդես եկավ նաև  «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ»  ընկերությունը: Հայտարարությունում ասված է. «Թեպետ «Արմավիա» ավիաընկերությունը սեպտեմբերի 20-ին չկատարեց վճարում և չնվազեցրեց կուտակած պարտքը, «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ն ուղևորների շահից ելնելով, ինչպես նաև, հաշվի առնելով, Հայաստանի Հանրապետության անկախության առաջիկա տոնակատարությունները, որոշեց ժամը 18:00-ից վերականգնել Արմավիայի չվերթերի սպասարկումը: Չվերթերի սպասարկումը կդադարեցվի սեպտեմբերի 24-ին, երկուշաբթի օրը, եթե մինչ այդ չլինեն վճարման եւ պարտքի նվազեցման հստակ երաշխիքներ»: