Ճապոնիան Չինաստանից փոխհատուցում կպահանջի հակաճապոնական ակցիաների համար
Ճապոնիայի իշխանությունները նախատեսում են Պեկինից վնասի փոխհատուցում պահանջել, որը ՉԺՀ-ի բնակիչները պատճառել են ճապոնական դիվանագիտական առաքելություններին հակաճապոնական անկարգությունների ժամանակ` կապված վիճելի Սենակու (կամ չինարեն Դյոյույդաո) կղզիների հետ, հայտարարել է Ճապոնիայի նախարարների խորհրդի քարտուղար Օսամու Ֆուդզիմուրան, հաղորդում է korrespondent.net-ը:
«Հաշվի առնելով այն վնասը, որը հասցվել է մեր դեսպանատներին և հյուպատոսություններին, մենք նախատեսում ենք Չինաստանից փոխհատուցում պահանջել», - ասել է կառավարության ներկայացուցիչը:
Նրա խոսքով, փոխհատուցման հարցը պետք է կարգավորվի դիվանագիտական ճանապարհով, «սառնասրտորեն» և Չինաստանի օրենսդրության համապատասխանությամբ:
Հիշեցնենք, որ Չինաստանը զանգվածային հակաճապոնական ցույցերով և բողոքի ակցիաներով էր բռնկվել այն բանից հետո, երբ հայտնի դարձան վիճելի կղզիների ազգայնացման վերաբերյալ Ճապոնիայի ծրագրերը:
Նույն վեճի պատճառով, վերջերս Չինաստանը Ճապոնիային սպառնացել էր առևտրական հարաբերությունների վատացմամբ: Չինաստանում մի շարք խոշոր ճապոնական ընկերություններ դադարեցրել էին աշխատանքը:










