Հայաստանը հրաժարվե՞լ է մասնակցել ՄԱԿ-ում Ադրբեջանի ԱԳ նախարարի մասնակցությամբ ՄԽ համանախագահների հանդիպմանը

17:50 • 20.09.12

Սեպտեմբերի վերջին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում կկայանա Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը, հայտնում է 1news.az-ը՝ հղում կատարելով անանուն ֆրանսիական դիվանագիտական աղբյուրին:

 

Նույն աղբյուրի համաձայն՝  հայկական կողմը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը. խոսքը ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի մասին է: Նախարարի հանդիպումը համանախագահների հետ, սակայն, ևս ծրագրված է:

 

Ըստ նրա՝ ներկայում ՄԽ-ի համանախագահների նպատակը Սաֆարովի գործից հետո հակամարտող կողմերի միջև լարվածության թուլացումն է:

 

Անդրադառնալով Թուրքիայի հնարավոր համանախագահությանը Մինսկի խմբում՝ աղբյուրը հայտնել է, որ դա բացառվում է, քանի որ Հայաստանը կտրուկ դեմ է դրան: Նա նաև նշել է, որ Ադրբեջանում թյուր կարծիք կա, թե համանախագահ Ֆրանսիան հայամետ դիրքորոշում ունի: Աղբյուրը նաև պահանջել է չչափազանցնել հայկական լոբբիի ազդեցությունը Փարիզի վրա:

 

Հայաստանի՝ հանդիպմանը մասնակցությունից հրաժարվելու վերաբերյալ Tert.am-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը հայտնել է հետևյալը.«Այցի և հանդիպումների մասին կհայտնենք պատշաճ ժամկետներում»: