Բողոքի ցույց Սանկտ-Պետերբուրգում՝ Ադրբեջանի հայատյաց քաղաքականության դեմ
Ռուսաստանի Դաշնության հյուսիսային մայրաքաղաքում՝ Սանկտ-Պետերբուրգում, Նևսկի պողոտայի վրա գտնվող Սբ. Կատարինե եկեղեցու բակում, սեպտեմբերի 17-ին տեղի է ունեցել քաղաքի հասարակայնության բողոքի ցույցը՝ Հունգարիայի իշխանությունների կողմից մարդասպան Սաֆարովի արտահանձնման և Ադրբեջանի ղեկավարության կողմից նրա հերոսացման դեմ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳ նախարարության լրատվական ծառայությունից, ցույցի նպատակն էր տեղեկացնել քաղաքացիներին ադրբեջանա-հունգարական գործարքի մասին և դատապարտել Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը:
Ցույցին մասնակցել են պետերբուրգցիներ, ինչպես նաև Վսեվոլոժսկից, Վիբորգից, Գատչինայից և տարածաշրջանի այլ քաղաքներից ժամանած հայ համայնքների պատվիրակություններ: Հավաքն սկսվել է լռության րոպեով և հոգեհանգստյան աղոթքով, որն անցկացրել է Սբ. Կատարինե եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Սարգիսը: Ելույթներ են ունեցել Հայ ազգային մշակութային ինքնավարության ղեկավար Կարեն Մկրտչյանը, Հայ Առաքելական եկեղեցուն կից կիրակնօրյա դպրոցի տնօրեն Ռուզաննա Կորղենյանը, ԽՍՀՄ գրողների միության անդամ Լևոն Ադյանը, ռազմական գիտությունների դոկտոր Սերգեյ Տեր-Գաբրիելյանը, ակադեմիկոս Անատոլի Հակոբյանցը, երիտասարդական, իրավաբանական և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ցույցի վերջում ընթերցվել է և հավաքվածների կողմից ընդունված խնդրագիր` ուղղված Սանկտ-Պետերբուրգի կառավարությանը և ուղերձ` ադրբեջանական մտավորականությանը:
Նշենք նաև, որ հայ համայնքն իր բողոքի ակցիաները սկսել էր սեպտեմբերի 2-ից և մինչ այսօր անց է կացնում շարունակական միջոցառումներ Սանկտ-Պետերբուրգում Հունգարիայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի և Բելգիայի գլխավոր հյուպատոսությունների առջև:










