Պետդումա է ներկայացվել մեկընդմիշտ ձմեռային ժամանակի անցնելու մասին օրինագիծը
Ռուսաստանի Դաշնության Պետդումայի առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ Սերգեյ Կալաշնիկովն այսօր խորհրդարան է ներկայացրել ձմեռային ժամանակին անցնելու մասին օրինագիծը, հայտնում է РИА Новости-ն:
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող պատգամավորը կարծում է, որ փաստաթուղթը կարժանանա պատգամավորների հավանությանը, և արդեն իսկ այս աշնանը Ռուսաստանը մեկընդմիշտ կտեղափոխի ժամացույցի սլաքները մեկ ժամ հետ:
Օրինագծով առաջարկվում է չեղյալ համարել սեզոնային անցումն ամառային ժամանակի: Ըստ նրա՝ ՌԴ կառավարությունն արդեն համաձայնություն է տվել այս հարցին:
Օրինագծի ընդունման դեպքում այն ուժի մեջ կարող է մտնել հոկտեմբերի 28-ից, այսինքն՝ այն օրը, երբ տեղափոխվում են սլաքները:
Ժամանակի անցումը ձմեռայինի թույլ կտա ամբողջությամբ օգտագործել ցերեկային ժամերն ամառվա ընթացքում և կրճատել կարճ օրվա բացասական ազդեցությունը ձմեռվա ընթացքում:
Բացի այդ, նման ժամանակային փոփոխությունը Ռուսաստանին թույլ կտա գտնվել միևնույն պայմաններում Միջին Ասիայի երկրների, Թուրքիայի, Չինաստանի հետ և կրճատել Ուկրաինայի և Եվրոպական երկրների հետ եղած ժամանակային տարբերությունը մոտ մեկ ժամով:










