Չեչնիայում Մուսլիմ Գակաևի խմբավորման 4 գրոհային է սպանվել, 2 իրավապահ զոհվել է

21:40 • 20.09.12

Ռուսաստանի Չեչնիայի հանրապետության հարավի լեռներում այսօր Մուսլիմ Գակաևի խմբավորման 4 գրոհային է սպանվել անցկացվող հատուկ գործողության ընթացքում, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը` հղում կատարելով հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովին:


«Բեդենսկի շրջանի լեռնա-անտառային տեղանքում գործողություն էր իրականացվում Գակաևի խմբավորման արգելափակման և ոչնչացման ուղղությամբ: Այդ խմբի անդամները, օպերատիվ տվյալներով, պատրաստվում էին ահաբեկչություններ իրականացնել: Ոչնչացված գրոհայիններից 2-ի անձը պարզված է` մեկը Բեսլան Քավթարաշվիլին է`Գրոզնիից, մյուսը` Սուլթան Մունքիևը` Խասավյուրտից», - նշել է Կադիրովը:


Նա ընդգծել է, որ Գակաևի խմբավորման հնարավոր գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկությունը ստացվել է երեքշաբթի ձերբակալված գրոհային պարագլուխ, այսպես կոչված էմիր Ցա-Վեդենո Մագարբի Իսաևից:


«Ցավոք սրտի, մարտական գործողության ժամանակ կյանքի հետ անհամատեղելի վերքեր են ստացել իրավապահ մարմինների 2 աշխատակիցներ: Նրանք հետմահու կներկայացվեն պետական պարգևների», - նշել է Կադիրովը: