Թբիլիսիի բանտում նվաստացված հայը, հավանաբար, ՀՀ քաղաքացի է. Առնոլդ Ստեփանյան (տեսանյութ)
Թբիլիսիի Գլդանի թաղամասում գտնվող բանտում կալանավորների նկատմամբ իրականացված խոշտանգումներն ու սեռական ոտնձգությունները վրդովեցրել է նաև Վրաստանի հայ համայնքին:
«Մեզ շատ զարմացրեց և վրդովեցրեց Վրաստանի բանտերում տեղի ունեցածը, թե ինչպե~ս են բանտարկյալներին նվաստացնում: Հատկանշական է, որ երեկ տեսանյութ էլ էր տարածվել, որտեղ երևում է, որ կալանավորվածների թվում հայ կա»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Թբիլիսիի հայկական ասամբլեայի համակարգող, «Բազմազգ Վրաստան» հասարակական կազմակերպության նախագահ Առնոլդ Ստեփանյանը:
Նա նշեց, որ թեև վստահ չեն, սակայն, ամենայն հավանականությամբ, այդ անձը Հայաստանի քաղաքացի է. «Քանի որ այն լեզվով, որով նա խոսում է՝ ո՛չ Ջավախքի, ո՛չ էլ Թբիլիսիի խոսակցական լեզուն չէ»,- ասաց նա:
Նշենք,որ տեսանյութում պարզորոշ երևում է, թե ինչպես է ճաղերին կապված հայազգի դատապարտյալ հայհոյում վրացի ոստիկաններին:
Ըստ Առնոլդ Ստեփանյանի, Վրաստանում Հայաստանի դեսպանատունը պետք է զբաղվի այս հարցով և պարզի վրացական բանտերում գտնվող իր քաղաքացիների վիճակը:
Միաժամանակ, նա նշեց, որ իր տեղեկությամբ այսօր Թբիլիսիի հայկական ասամբլեան նամակով կդիմի վրացական իշխանություններին՝ նվաստացման ենթարկված հայի ինքնությունը պարզելու խնդրով:
«Սակայն, քանի որ «Բազմազգ Վրաստանը» վրացական հասարակական կազմակերպություն է և առավելապես զբաղվում է Վրաստանի հայ քաղաքացիների գործերով, ճիշտ կլինի, որ այս հարցով զբաղվի Հայաստանի դեսպանատունը»,- ասաց նա:
Առնոլդ Ստեփանյանի խոսքով՝ Հայաստանի քաղաքացիների թիվը վրացական բանտերում 100-ից ավելի է։ «Սակայն այդ թիվը, փաստացի, շատ արագ փոփոխվում է: Մի քանի տարի առաջ 2009-2010 թվականներին այս տվյալները մի քանի անգամ ավելի շատ էին: Որքանով տեղյակ եմ, Հայաստանի քաղաքացիներին փորձում են արագ Վրաստանից փոխանցել Հայաստան»,- տեղեկացրեց «Բազմազգ Վրաստան» հասարակական կազմակերպության նախագահը:
Առնոլդ Ստեփանյանը նաև նկատեց, որ Հայաստանի քաղաքացիների հիմնական մասը վրացական բանտերում են հայտնվում՝ համաձայն այդ երկրում գործող գրավյալ տարածքների օրենքի՝ սահմանային խախտման պատճառով:
«Շատ մարդիկ գալիս են Վրաստան՝ անտեղյակ լինելով, որ գործում է նման օրենք: Նրանց անձնագրում կա շտամպ, որ անցել են Հյուսիսային Օսեթիայի և Աբխազիայի սահմանը՝ Ռուսաստանի կողմից, ինչը Վրաստանի օրենքով արգելվում է և քրեորեն պատժելի է»,- բացատրեց նա և հավելեց, որ նման դեպքերում վրացական օրենքը նախատեսում է 5 տարի ազատազրկում:
ՀՀ Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ ՀՀ ԱԳՆ-ն տվյալներ ունի վրացական բանտերում գտնվող հայ կալանավորների մասին, սակայն այս պահին չեն կարող դրանք ներկայացնել:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ի երեկոյան վրացական «Մաեստրո» և «Իններորդ ալիք» հեռուստաընկերությունները ցուցադրել են Թբիլիսիի Գլդանի գաղութում տեղի ունեցած դաժան ծեծի և առանձնակի այլասերված բռնաբարության կադրեր` հայտարարելով, որ տեղի ունեցածի ողջ տեսագրությունն ունեն:
Ըստ տեղեկատվության, այդ տեսագրությունները նրանց է փոխանցել բանտի նախկին աշխատակիցը, ով բնակվում է Բելգիայում: «ՏՎ-9»-ի հետ հարցազրույցում նա ասել է, որ բանտարկյալներին տանջելը կատարվում էր Վրաստանի ներքին գործերի նախարար Բաչո Ախալայի հրամանով և այդ մասին տեղյակ է պատժամիջոցների իրականացման նախարար Խաթունա Կալմախելիձեն:
Տեսանյութը դիտելուց առաջ ցանկանում ենք զգուշացնել, որ դրանում հնչում են հայհոյանքներ։










