Տեղի ունեցավ ԱԷՄԳ 56-րդ նստաշրջանը. խոսվեց ՀԱԷԿ նոր էներգաբլոկի կառուցման մասին

18:09 • 20.09.12

Սեպտեմբերի 17-ին Վիեննայում իր աշխատանքներն է մեկնարկել ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջուկային գործակալության Գլխավոր կոնֆերանսի 56-րդ նստաշրջանը:

 

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳ նախարարության լրատվական ծառայությունից, կոնֆերանսին մասնակցել են ՀՀ պատվիրակությունը` ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի գլխավորությամբ:

 

Պատվիրակության կազմում են եղել ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը, Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, ինչպես նաև ոլորտի այլ ներկայացուցիչներ:


Սեպտեմբերի 18-ին Գլխավոր կոնֆերանսում ելույթով հանդես է եկել ՀՀ պատվիրակության ղեկավար Արմեն Մովսիսյանը:

 

Նախարարն անդրադարձել է ԱԷՄԳ հետ ՀՀ համագործակցության տարբեր ոլորտներին, մասնավորապես` ՀԱԷԿ գործող էներգաբլոկի ապահովության բարձրացմանը, նոր էներգաբլոկի կառուցմանը, ատոմակայանում «սթրես-թեսթերի» անցկացմանը և մի շարք այլ հարցերի:

 

Կոնֆերանսի շրջանակներում ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարը հանդիպում է ունեցել Ատոմային էներգիայի միջուկային գործակալության Գլխավոր տնօրեն Յուկիյա Ամանոյի հետ:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ԱԷՄԳ համագործակցության, Մեծամորի ատոմակայանի նոր էներգահամալիրի կառուցման և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

 

Գլխավոր կոնֆերանսի շրջանակներում Արմեն Մովսիսյանի ղեկավարած պատվիրակությունը հանդիպել է Հորդանանի Ատոմային էներգիայի հանձնաժողովի նախագահ Խ. Թուքանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտին առնչվող հարցերի շրջանակներում երկկողմ համագործակցության հեռանկարները:


ՀՀ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել գործակալության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ: