Ֆրանսիական ամսագիրը Մուհամեդ մարգարեի ծաղրանկարներով համարը կվերահրատարակի
Ֆրանսիական երգիծական «Շարլի էբդո» ամսագրի Մուհամեդ մարգարեի ծաղրանկարներով երեկվա համարը լույս կտեսնի լրացուցիչ տպաքանակով, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ամսագրի գլխավոր խմբագիր Սթեֆան Շարբոնյեին:
Գլխավոր խմբագրի խոսքով՝ նման որոշման պատճառն այն է, որ հրատարակության 75 հազ օրինակով տպաքանակը շատ արագ է վաճառվել: Ամսագիրը կվերահրատարակվի ևս 75 հազ տպաքանակով (ըստ BBC-ի տվյալների՝ նոր տպաքանակը կկազմի 175 հազ օրինակ): Նրանք, ովքեր դեռ չեն հասցրել գնել, կարող են այն ձեռք բերել ուրբաթ: Ամսագիրն արժե 2.5 եվրո:
Հիշեցնենք, որ երեկվա համարի շապիկին պատկերված է հաշմանդամի սայլակում նստած մարգարեն, ում տեղափոխում է ուղղափառ հրեա: Այլ լուսանկարներում մարգարեն մերկ է պատկերված:
«Շարլի էբդո»-ի գլխավոր խմբագիրը հայտնել է, որ խմբագրությունը նպատակ չի ունեցել վիրավորել հավատացյալների զգացմունքները: Նման քայլով լրագրողները դեմ են հանդես եկել ֆունդամենտալիզմին: Նա ընդգծել է նաև, որ ապրում է ֆրանսիական օրենքներով և ոչ թե Ղուրանի:










