Մայր Աթոռը դատապարտում է «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմը

16:37 • 20.09.12

Մայր Աթոռ Ս. Էջմիածնում այսօր տեղի է ունեցել Մայր Աթոռի Միջեկեղեցական-աստվածաբանական խորհրդի նիստ, որի ընթացքում ընդունվել է «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի ստեղծումն ու տարածումը դատապարտող հայտարարություն։

 

Ըստ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրության՝ հայտարարությունում ասվում է հետևյալը.

 

«Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին խստորեն դատապարտում է «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի ստեղծումն ու տարածումը, որն առիթ տվեց մի շարք երկրներում կրոնական անհանդուրժողականության ցավալի դրսևորումների ու բռնարարքների, որոնց հետևանքով եղան մարդկային զոհեր:

 

Դատապարտելի են կրոնական հողի վրա նման սադրիչ երևույթները, որոնք չեն նպաստում ժողովուրդների կյանքում միջկրոնական հանդուրժողականության և խաղաղ ու համերաշխ համակեցության մթնոլորտի ձևավորմանը: Կրոնն ու հավատը երբեք չպետք է դարձվեն բռնության գործիք, «որովհետև Աստուած խռովության Աստվածը չէ, այլ՝ խաղաղության»։