Փոփոխություններ կարվեն «Լեզվի մասին» ՀՀ օրենքում
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 20-ի նիստում Արտակ Դավթյանի նախագահությամբ քննարկել է և նստաշրջանի ու առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերում ընդգրկելու համար դրական եզրակացություն է տվել «Լեզվի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և մի շարք այլ օրենքներում առաջարկվող փոփոխությունների փաթեթին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունից:
Ըստ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի՝ օրենսդրական փոփոխությունների փաթեթի ներկայացումը պայմանավորված է հանրապետությունում խուլերի ուսուցումն ու դաստիարակությունը հայերեն ժեստերի լեզվով իրականացնելու անհրաժեշտությամբ:
Նպատակն է նպաստել լսողության խանգարումներով անձանց կարողությունների զարգացմանը և ներգրավվածությանը հասարակության կյանքին, նրանց հիմնարար, մասնավորապես, տեղեկատվության և կրթության իրավունքների պաշտպանությանը:
Հանձնաժողովը քննարկել է նաև «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ներկայացնելով փաթեթը՝ այն անվանել է անկյունաքարային, հեղափոխական նախաձեռնություն ոչ միան Հայաստանի կրթության ոլորտում, այլև ողջ ԱՊՀ տարածքում:
Նախաձեռնության նպատակն է ապահովել երեխայի՝ անհատական տարբերություններից և հաշմանդամությունից անկախ կրթության իրավունքի միասնական իրավական կարգավորումը, որը կերաշխավորի բոլորի համար կրթության հավասարության իրավունքը:
Քվեարկության արդյունքում, հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել փաթեթը նստաշրջանի ու առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերում ընդգրկվելու համար, սակայն որոշել է անցկացնել նաև խորհրդարանական լսումներ:










