Վրաստանի իշխանությունները ընտրություններից առաջ նոր սադրանքներ են կազմակերպում. Վրաստանի նախկին օմբուդսմեն

22:55 • 20.09.12

Վրաստանի ընդդիմադիր կոալիցիայի ներկայացուցիչը` Վրաստանի նախկին օմբուդսմեն Սոզար Սուբարին պնդում է, որ Վրաստանի արդեն նախկին ՆԳՆ ղեկավար Վաչո Ախալայան, դեռևս պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած ժամանակ, ինչպես նաև նրա եղբայրը` ՊՆ փոխնախարար Դաթա Ախալայան, երկրում զանգվածային պրովակացիաներ կազմակերպելու նպատակով Թբիլիսիի տարբեր շրջաններում ավելի քան 20 բնակարաններ են գնել, որտեղ զինապահեստներ են ստեղծել, հաղորդում է newsgeorgia.ru-ն:

 

«Թբիլիսիի տարբեր շրջաններում ավելի քան 20 բնակարաններ են գնել, որտեղ, Ախալայա եղբայրները և նրանց կլանը զինապահեստներ են ստեղծել: Այսօր ես Շվեյցարիայից եմ վերադարձել, որտեղ եղել եմ լրագրող Վախթանգ Կոմախիձեի խնդրանքով, ով ինձ է փոխանցել անհերքելի տեղեկություններ աղբյուրից իշխանության հերթական վտանգավոր նախագծի վերաբերյալ: Աղբյուրը տեսանյութ և ձայնագրություններ ունի, որոնք հաստատում են այդ պրովակացիան», - հայտարարել է Սոզար Սուբարին:


Նրա կարծիքով, Վրաստանի ղեկավարությունը փորձում է մինչև ընտրությունները զանգվածային սադրանքներ կազմակերպել իշխանության վարկանիշը բարձրացնելու և իշխանությունը պահելու համար:


«Ակնհայտ է, որ նոր լավ հայտնի «հեռուստասերիալներ» են կազմակերպվում: Մենք բազմիցս ենք տեսել, թե ինչպես են «հայրենիքի թշնամիները» կամ «ինչ որ երկրի գործակալները», իբրև, նախապատրաստում լանածավալ սադրանքներ, և նման կերպ իշխանությունը փորձել է ժողովրդի ուշադրությունը շեղել», - ասել է Վրաստանի նախկին օմբուդսմենը՝ նշելով, որ այժմ ևս նման սցենար է պետք սպասել: