Ռուսաստանի դիրքորոշումը Սիրիայի վերաբերյալ հակասություններ ունի. Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար

03:37 • 20.09.12

Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) գլխավոր քարտուղար Նաբիլ ալ-Արաբին հայտարարել է, որ հասկանում է Մոսկվայի անհանգստությունը Սիրիայի ապագայի վերաբերյալ, սակայն դրա հետ միասին հակասություններ է տեսնում ՌԴ-ի դիրքորոշման մեջ, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:


«Հարգելով Ռուսաստանի դիրքորոշումը սիրիական ճգնաժամի հանդեպ, ես կասեի, որ Ռուսաստանը երկու մտահոգություն ունի Սիրիայում իրավիճակի հնարավոր զարգացման վերաբերյալ», - ասել է ալ-Արաբին:


Նրա կարծիքով, առաջինը այն է, որ ՌԴ-ն չի ցանկանում լիբիական սցենարի կրկնություն Սիրիայում: Սակայն, ԱՊԼ-ի գլխավոր քարտուղարի խոսքով, «այժմ ոչ ոք չի խոսում լիբիական սցենարի կրկնության մասին, ավելի ճիշտ, խոշոր պետություններից ոչ մեկը այժմ չի մասնակցի լիբիականի նմանությամբ կատարվող գործողությանը` Սիրիայի տարածքում»:


Ըստ ալ-Արաբիի, ՌԴ-ի երկրորդ մտահոգությունն այն է, որ «ոչ մի միջազգային ուժ չի կարող պարտադրել վարչակարգի փոփոխման հարցի լուծումը սիրիական ժողովրդին»: «Ռուսաստանը կարծում է, որ Սիրիայում վարչակարգի փոփոխությունը կախված է միայն Սիրիայի ժողովրդից», - նշել է նա: «Սակայն բանը նրանում է, որ Սիրիայի ժողովուրդը արդեն իր խոսքն ասել է, և սիրիացիները փոփոխություններ են ուզում», - ավելացրել է ալ-Արաբին:


Նրա խոսքով, ՌԴ-ի նման մոտեցման մեջ «հակասություններ կան»:

«Հունիսի 30-ի Ժնևի հանդիպմանը, Ռուսաստանը ինքն է բանաձև ընդունել, հայաձայնել Սիրիայում փոփոխությունների և անցումային փուլի անհրաժեշտության հետ: Ռուսաստանը համաձայնվել է նաև նրան, որ Սիրիայում իշխանությունը պետք է փոխանցվի ավելի ժողովրդավարական կառավարությանը», - ասել է ԱՊԼ-ի գլխավոր քարտուղարը: