Պայթուցիկ սարքի ահազանգ Մուրացանի հոսպիտալից և նռնակ Արշակունյաց պողոտայում
Այսօր, ժամը 14.06-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Մուրացան փողոցի թիվ 115 հասցեում` ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում, առկա է պայթուցիկ սարք:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ կայքից, դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատի հերթապահ խումբը:
ԱԻՆ կայքի մեկ այլ հաղորդագրության համաձայն՝ ժամը 14.35-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 34 հասցեում՝ «Դելտա Պրո» կազմակերպության մոտակայքում, հատնաբերվել է «Ֆ-1» տիպի նռնակ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեպքի մասին տեղյակ են պահվել ԱԱԾ, ՀՀ Ոստիկանության և ՊՆ համապատասխան մարմինները:
Tert.am-ի հետ զրույցում ԱԻն-ից տեղեկացրեցին, որ Արշակունյաց պողոտայում հայտնաբերված նռնակը ժանգոտած է, սակայն վրայի օղակը բացակայում է, այսինքն այն կարող է պայթել: ԱԻՆ-ից սպասում են, որ ՊՆ-ից սակրավորները կժամանեն և նռնակը տանելով ապահով վայր՝ այն կոչնչացներ:
Ըստ նախնական վարկածի՝ նռնակը գտնվել է հողի տակից: Այն հայտնաբերվել է պատահաբար և հատուկ դիտավորությամբ չի հայտնվել այդ տարածքում:










