Անկախությունը Աստծո տված շանս է, որը խելոքները ճիշտ օգտագործելով հզորանում են. Արամ Մանուկյան

12:28 • 21.09.12

ՀՀՇ վարչության նախագահ, Ազգային ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը տարօրինակ է համարում, երբ մարդիկ քննարկում են անկախության արժեքը:


«Անկախության առավելությունն ու արժեքն ընդհանրապես քննարկման թեմա չէ: Ինչպես կարելի է մարդուն հարցնել բարի լինելը լա՞վ է, թե վատ, կամ գեղեցիկն ինչպե՞ս է գնահատվում, անկախ լինե՞լ, թե՞ ոչ: Անկախությունը ամենից բարձր արժեքն է»,-Անկախության 21-ամյակի առիթով Tert.am-ի հետ զրույցում ասաց Արամ Մանուկյանը:


Մանուկյանը նշեց, որ անկախությունը համամարդկային արժեք է և հային ու հայաստանցուն չի վերաբերում միայն։
«Այն ընդհանրապես մարդկության երբևէ ստեղծված երազն է, Աստծո տված շանսը, որը խելոքները ճիշտ են օգտագործում և հզորանում են, իսկ ապաշնորհները չեն հասկանում, որ իրենց տված է ազգ ու պետություն կառուցելու շանս և պատժվում են և իրենք և իրենց ժողովուրդները»,– ասաց նա:


ՀԱԿ պատգամավորի խոսքով՝ Հայաստանն իր անկախությունը չվտանգելու համար պետք է պայքարի ամեն օր. «Բոլոր ազգերն էլ իրենց անկախությունն անընդհատ են կերտում, քանի որ կարող է լինեն անկախությունը կորցնելու վտանգ, միշտ, այսինքն՝ դա անընդհատ գործընթաց է, որը պահում է ազգին պատրաստ պայքարող վիճակում և եթե երբևէ, որևէ հզոր ազգ նույնիսկ դադարեց իր պետության, իր ինքնուրույնության, իր քաղաքացու արժանապատվության համար պայքարելուց, ինքը կորցնում է այդ անկախությունը»:


ՀՀՇ վարչության նախագահը նկատեց, որ 21 տարի առաջ անկախություն ստանալով Հայաստանն իր պատմության մեջ կատարեց ամենից արժեքավոր քայլը:


«Հայաստանը լրջագույն հաջողություններ ունեցավ՝ արժանապատվության հաջողություն. մարդը հավատաց, եկավ քվեարկեց և դա 2 մլն-ից ավելի էր, 2 մլն հայ քեֆ-ուրախությամբ, սեղան բացելով կերտեց իր անկախություն»,– ասաց նա:


«Նման բան երբևէ չի եղել հայ ժողովրդի պատմության մեջ: Եղել են համաժողովրդական, մասսայական հզոր ալիքներ, բայց որ իրավաբանորեն 2.042.000 գա և կնքի իր երկրի անկախությունը՝ չի եղել»,- ավելացրեց պատգամավորը:


Մինչդեռ նրա խոսքով՝ այսօր որոշ ապաշնորհներ փչացրեցին այդ արժեքը: «Որոշ ապաշնորհներ, որոշ որկրամոլներ անկախության արժեքը փչացրել են, վարկաբեկել են, իջեցրել են ամենանվազ ու խեղճ մակարդակի, որովհետև եթե չինովնիկը, նախարարն ու պատգամավորը, որն այդ արժեքի առաջնային կրողն է, չի պահպանվում, ապա այդ քաղաքացին ոչինչ անել չի կարող»,- նշեց նա:


Արամ Մանուկյանի համոզմամբ, երբ այսօր մարդիկ ցավով են հիշում խորհրդային տարիներն ու մտածում, թե հանուն այս անկախ պետության համա՞ր էին այդպես պայքարում, ըստ նրա, դա միայն հենց այդ բյուրոկրատների մեղավորությունն է:


«Քաղաքացուն մնում է միայն այդ տեսակին քշել, այդ սովածին, այդ բյուրոկրատին, ով ստիպում է քաղաքացուն կարծել, թե անկախությունն է մեղավոր և ոչ թե այդ չինովնիկը և պատճառ դառնում նրան, որ երկիրը լքում են»,– ասաց նա:


«Նման չինովնիկներն ու իշխանավորները փոխարեն ծառայելու՝ սեփական բարեկեցություն են հոգում, արդյունքում՝ անկախությունը սկսում է խեղճանալ, որբանալ, իսկ երբ որբանում է մի հատ հզոր քեռի, հզոր երկիր գալիս է քեզ օգնության ձեռք մեկնում, որ դու սովից չմեռնես, և դու արդեն կորցնում ես անկախ լինելդ, ո՛չ հզոր և ո՛չ սուվերեն»,-ասաց նա:


Չնայած դրան՝ Արամ Մանուկյանը չի մոռանում բոլորին շնորհավորել պետության կարևորագույն տոնի առիթով և նրանց հրավիրել ժամը 19:00-ին Սարյանի արձանի մոտ, ՀԱԿ –ի հետ միասին տոնելու Հայաստանի 21-ամյա անկախությունը: